ԿարևորՀասարակություն

Զբոսայգիներ՝ հատուկ շների համար․ դպրոցի ու մանկապարտեզի բակում շան հետ զբոսնողը կտուգանվի

Զբոսանք՝ առանց միմյանց անհարմարություն պատճառելու․ այս նպատակով է Երևանի քաղաքապետարանը որոշել շներով զբոսնող մարդկանց համար ստեղծել առանձնացված տարածքներ։ Զբոսայգիներում փոքր և մեծ շների համար նախատեսված տարածքները կլինեն առանձնացված։ «Նպատակն այն է, որ շուն պահող մարդիկ ունենան առանձնացված հատված, որտեղ կարող են իրենց շներին տանել զբոսանքի՝ առանց անհարմարություն պատճառելու ոչ միայն այլ մարդկանց, այլ նաև իրենց»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը

«Այս այգիները ստեղծում ենք, որպեսզի կանխենք զոոնոտիկ հիվանդությունների տարածումը, և մարդիկ, որոնք չեն պահում տնային կենդանիներ, հեռու լինեն նրանցից, այսինքն անվտանգության հարցն էլ է կարգավորվում։ Ավագանին արդեն ընդունել է որոշումներ, և կան կանոններ, որոնց պիտի հետևեն տանը կենդանի պահողները։ Դրանցից կարևորն այն է, որ զբոսնեն կենդանիների համար նախատեսված վայրերում»,-ասում է Գևորգ Նազարյանը։

Երևանի զբոսայգիներից հատկապես Թումոյի այգում շներով զբոսնողները շատ են։ Այժմ հատուկ շներին զբոսանքի տանելու համար երկու զբոսայգի է կառուցվում․ մեկը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սիրո և հավատի» այգում է, մյուսը՝ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում։ Երկուսն էլ պատրաստ կլինեն այս տարի։

Շներին զբոսայգիներից դուրս՝ հանրային նշանակության վայրերին մոտ զբոսանքի հանելու դեպքում՝ քաղաքացին կտուգանվի 5 հզ դրամով․

«Վարչական իրավախախուտոմների օրենեսգրքով վարչական պատասխանատվություն է նախատեսված տնային կենդանիների պահելու կանոնները խախտելու դեպքում։ Նախատեսված այգիներից դուրս էլ կարելի է զբոսնել, սակայն այդ վայրերը պետք է հեռու լինեն առողջապահական հիմնարկներից, մանկական կրթական հիմնարկներից, մարդաշատ և  հանրության համար նախատեսված հանգստի գոտիներից»,-ասում է Գևորգ Նազարյանը։

Ծրագրի առաջին փուլն իրականացվում է ռուսաստանաբնակ գործարար Սոս Մարտիրոսյանի աջակցությամբ: Զբոսայգիներում հարմարավետ պայմաններ կստեղծվեն նաև շների վարժանքների համար: Վարժասարքեր, գիշերային լուսավորություն, ոռոգման նոր ցանց, աղբամաններ, հատուկ ցուցանակներ, ինչպես նաև նստարաններ՝ շներին զբոսանքի հանած քաղաքացիների հանգստի համար: Քաղաքապետարանի աշխատակցի խոսքով՝ երկու տարում տանը պահվող շների համար հատուկ զբոսայգիներ կստեղծվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։

Back to top button