ԿարևորՄշակույթ

Կյանքից հեռացել է Ժան Պոլ Բելմոնդոն

88 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի հանրաճանաչ դերասան Ժան Պոլ Բելմոնդոն։ Այս մասին հաղորդում է Ֆրանսպրեսս գործակալությունը։ 2001 թվականին կաթված ստանալուց հետո Ժան Պոլ Բելմոնդոն դադարեցրել էր դերասանական գործունեությունը, սակայն 2008 թվականին վերադարձել էր նկարահանման հրապարակ և նկարահանվել Յուստերի «Մարդը և նրա շունը» ֆիլմում: 2015 թվականին նա հայտարարել էր կինոյում կարիերան ավարտելու մասին:

Ժան Պոլ Բելմոնդոն ծնվել է Նեյի-սյուր-Սենում 1933 թ., քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։ 20 տարեկանում գերադասում է դերասանի մասնագիտությունը սպորտին։ Ընդունվում է Դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիա։ Ավարտելուց հետո աշխատում է թատրոնում։

Առաջին կինոդերը 1957 թ. նկարահանված «Ոտքով, ձիով և ավտոմեքենայով» կինոնկարում էր, սակայն կինոնկարի առաջին ցուցադրումից առաջ նրա խաղացած հատվածը կտրեցին։ Առավել նշանակալի դեր նրան հասավ «Եղիր գեղեցիկ և լռիր» կինոնկարում։ Դերասանին մեծ հռչակ են բերել «Վերջին շնչով» և «Պրոֆեսիոնալը» կինոնկարում նրա կերտած դերակատարումները։

Բելմոնդոն ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառ Ազնավուրի ընկերն էր։ Ազնավուրի մահվանից երկու օր առաջ նրա ինստագրամի պաշտոնական էջում հրապարակվել էր լեգենդների համատեղ վերջին լուսանկարը՝ «Իմ հավերժական ընկեր Ժան Պոլը» գրառմամբ։

Back to top button