ԿարևորՀասարակություն

Գիտությունից՝ բիզնես․ Ի՞նչ է Technology Transfer Center-ը

Ութ ամիս առաջ ստեղծված «Գիտուժ» նախաձեռնության պանելային քննարկումների շարքում այս անգամ նախաձեռնության անդամները, գիտահետազոտական խմբերի և պետական մարմինների ներկայացուցիչները քննարկել են պետության դերը՝ գիտության զարգացման գործում։ Ներկայացնում ենք քննարկման ժամանակ հնչած մոտեցումները՝ ամփոփ։

Ի՞նչ է Technology Transfer Center-ը

Technology Transfer Center-ը միջանկյալ կառույց է, որն օգնում է գիտական հետազոտությունների արդյունքում ստեղծված նոր գիտելիքը վերածել արտադրանքի։ Կառույցը գործում է ինչպես գիտահետազոտական կենտրոններում, այնպես էլ համալսարաններում, և միակ գործառույթը նորարարությունների առևտրայնացումն է։

Մի շարք պետությունների փորձառությունը վկայում է՝ տնտեսական թռիչք հնարավոր է միայն նորարարություներով։ Եթե պետության նորարարության ինդեքսը բարձր է, ապա տնտեսապես զարգացած պետություն է։ Այն երկրները, որոնց նորարարության ինդեքսը ցածր է, տնտեսական թռիչք անելուն անգամ մոտ չեն։

Ինչպե՞ս են հաշվում երկրի նորարարական ինդեքսը 

Հաշվում են, թե

․  տարեկան քանի նորարարական ընկերություն է ստեղծվել,

․  տարեկան քանի մասնագետ է կրթվել,

․  ինչ նոր տեխնոլոգիաներ են ստեղծվել  և պատենդավորել,

․  գիտական  ինչ տպագրություններ են եղել, և ինչ հայտնագործություններ են պատենդավորվել։

Հայաստանը միայն տպագրությունների կետով բարձր ցուցանիշ ունի։ Մեր երկիրն իր ինովացիոն ինդեքսով աշխարհում 61-րդն է։ 

Ինչպե՞ս գիտությունն աշխատեցնել տնտեսության մեջ

Մեկ հարցում բոլոր պետությունների փորձառությունը նման է. գիտության ֆինանսավորողը պետությունն է։ Հիմնարա՞ր, թե՞ կիրառական գիտություն է Հայաստանին պետք․ վեճն անտեղի է, քանի որ երկուսն էլ անհրաժեշտ են։ Նոր կրթություն, նոր մասնագետներ, նոր գիտելիքի ստեղծում և  հեղինակություն երկրի համար․ ֆունդամենտալ գիտության պտուղներն են։ Զարգացած երկրներում նորարարությունների հեղինակները կապվում են ընկերությունների հետ, դրանք  մտնում են տնտեսություն, որի արդյունքում ստեղծվում են նոր ընկերություններ։ Մեր երկրում այդ կապը բացակայում է։ Այսօր օգտագործվող տեխնոլոգիաները՝ սմարթֆոնները, համակարգիչները ստեղծվել են հենց  այդպիսի համագործակցության արդյունքում, որը երկրին գումար է բերում և տնտեսական թռիչք ապահովում։ Սա գիտություն-տնտեսություն առողջ ցիկլն է։ Ի՞նչ է կատարվում թերի զարգացած երկրներում։ Պետությունը քիչ է ֆինանսավորում գիտությունը։ Անհրաժեշտ, բայց ոչ բավարար չափով։ ՀՆԱ-ի երկու տոկոսից քիչ ֆինանսավորման դեպքում այս ցիկլը չի աշխատում։ Այսինքն՝ կա մինիմում, որից ցածր որևէ պետություն չի գտել այս շղթան աշխատեցնելու մոդելը։

Գաղափարից ՝ արտադրանք․ ինչպե՞ս է առևտրայնացվում արտադրանքը

Նախ՝ բիզնես թիմը գնահատում է՝ արդյո՞ք նորարարություն է, թե՞ ոչ։ Եթե նորարարություն է, հաջորդ քայլով գնահատվում է շուկայի պոտենցիալը՝ հասկանալու դրա կիրառելիության վայրը։ Ապա` մտավոր սեփականության, պատենդավորման հարցն է քննարկվում։ Պատենդավորե՞լ, թե՞գաղտնի պահել։ Եթե պատենդավորել, ապա ո՞ր երկրներում։ Այնուհետև ստեղծվում է նախատիպը, բերվում արտադրական տեսքի։ Շուկայի մասնագետներն օգնում են գտնել գնորդներ, որոնք հետաքրքրված են արտադրանքով։ Դրանից հետո լիցենզավորման հարցն է առաջ գալիս, արդյո՞ք նորարարության հեղինակները ցանկանում են հիմնել ընկերություն և ստեղծել արտադրանք, թե՞  ուզում են լիցենզավորել այլ ընկերության, որը կզբաղվի այդ աշխատանքով։ Եթե տեխնոլոգիան այնպիսին է, որ կարող է կիրառվել օրինակ՝ միայն «Տեսլա»-ում, ապա դժվար թե Հայաստանում հնարավոր լինի ընկերություն հիմնել՝ այդ արտադրանքով զբաղվելու համար։ Այդ դեպքում լիցենզավորում են այլ խոշոր ընկերությունների։ Իսկ եթե այնպիսի տեխնոլոգիա է, որը կարող են նաև Հայաստանում արտադրել, ապա հիմնում են ընկերություն, մշակում բիզնես պլան և հասնում արտադրանքի ստեղծման փուլին։

Լուս․՝ PennState-ի

«Պատվիրաններ» Արամ Փախչանյանից՝ գիտելիքահեն հասարակություն ստեղծելու համար կամ To Do list` գիտության ջատագովի համար

1 Սիրել իռացիոնալ մարդուն Մարդկանց ռացիոնալ ճանապարհով որևէ բանում համոզելն 99 տոկոսով անհնար է, ուստի պետք է համոզել իռացիոնալ՝ էմոցիոնալ տարբերակով։ Դրա համար ի՞նչ է պետք գտնել. էմոցիոնալ էակ՝ ոգևորիչ, տրամադրող, հավես ձայնով, բարի ժպիտով։ Բարի ժպիտով մարդկանց մարդիկ վստահում են, դառը դեմքով մարդկանց չեն վստահում։

2 Դառնալ քննադատ Մարդկանց բնորոշ չէ քննադատական մտածողությունը, որը ենթադրում է գիտակցել սեփական ընկալման թերացումները և ժամանակին կասեցնել թյուրընկալումը։Դա նշանակում է, որ Գաբրիելի նման ինչ–որ մեկը պետք է կանգնած լինի Ձեր ընկալման դարպասին ու ներս թողնի միայն ստուգված մտքեր, գաղափարներ, որոնք անցել են սեփական քննությունը։ Մեր փրկությունը քննադատական մտածողության մեջ է։

3 Քարոզել  նույն միտքը 10, 100, 1000 անգամ կրկնել, ճիշտ այնպես, ինչպես եկեղեցում քահանաներն են ամեն կիրակի նույնը կրկնում հավատացիալների համար։ Ինչու՞ են այդպես անում, որովհետև ժողովուրդը մոռանում է։ Եթե ուզում եք ասելիքը տեղ հասցնել, պետք է 10 անգամ կրկնել։

4 Գաղափարները դարձնել հանրամատչելի շատերն են ուզում իմանալ՝ ինչու՞ է մեխը պտտելով ավելի հեշտ հանել, քան քաշելով։

5 Չլինել գիտական հաշմանդամմտածել ազատ,դպրոցում ճշգրիտ առարկաների դեպքում ընտրողական մոտեցում է գործում՝ այս երեխան կարող է, մյուսը՝ ոչ։  Իսկ հումանիտար առարկաների դեպքում սահմանափակվում է ազատ մտածողությունը։ Եթե հանկարծ հասցնես՝ Սևակը քանի կնոջ է սիրել, կլռեն, չէ՞ որ չի կարելի, արգելված է։ Չլինել գիտական հաշմանդամ։

6․ Դառնալ ֆեյսբուքյան հերոս․ ունենալ լայն կապեր, մարդկանց ընկերության հայտ ուղարկել։ Եթե ուզում ենք քարոզել, դա գործիքներից մեկն է։ Մենք պետք է դուրս գանք, գնանք դեպի մարդիկ, այլապես կմնանք որպես վտանգված խումբ։

Պետության դերը գիտության զարգացման գործում․ 1 հարց՝ 4 մոտեցում

Սմբատ Հակոբյանը

Սմբատ Հակոբյան, Գիտության կոմիտե

Պետությունը եղել է ու պետք է լինի գիտության պատվիրատուն։ Գործի առյուծի բաժինը պետության ուսերին է․ չկա այնպիսի տարբերակ, որ պետությունը մի կողմ քաշվի և ասի՝ մասնավորը թող զբաղվի։ Թեև շատ պետական մարմիներից կարող ենք լսել՝ ինչու մասնավորը չի զբաղվում, սակայն մեծ հաշվով՝ մոտ 80 տոկոսով, դա պետության գործառույթն է։ Այն, ինչ անում է պետությունը գիտության համար, քիչ է, բայց որոշ քայլեր անում է, օրինակ՝ ֆինանսավորման ավելացման հետ նոր ծրագրեր և նոր հնարավորություններ են ստեղծվում այն մարդկանց համար, որոնք առաջ չէին մտածում, թե կարող են գիտությամբ զբաղվել, այսօր շանսերը մի փոքր մեծացել են։ Բացի դրանից՝ եթե մինչև 2025թ․ աշխատավարձն ավելանա, դա նույնպես հավելյալ խթան կլինի, որ մարդիկ ցանկանան գիտությամբ զբաղվել։ Սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է, քանի որ կան խնդիրներ քաղաքականության մշակման հարցով։ Չպետք է օդում կախված լինի՝ մարդիկ թող գիտությամբ զբաղվեն և դա մի օր մեր տնտեսություն կզարգացնի։ Ֆիզիկոսների մեծ մասն այսօր 50-ականներին ծնված մարդիկ են, այսինքն՝ վաղը նոր սերունդ ունենալու հարցում խնդիր է լինելու։ Այդ ժողովրդագրական պատկերը մեզ համար, ըստ էության, մարտահրավեր է։

Հրանտ Խաչատրյանը

Հրանտ Խաչատրյան, YerevanNN լաբորատորիայի հիմնադիր

Միայն գիտությամբ զբաղվող պետական մարմնի աշխատանքը քիչ է։ Պետք է մյուս պետական մարմինները ևս ավելի արդյունավետ դառնան, որ հնարավոր լինի ավելի մեծ նախագծեր անել։ Թեև Գիտության կոմիտեն աշխատանքներ է տանում, նոր ծրագրեր է իրականացնում (որոնցից մենք ևս օգտվում ենք), բայց դրանցից որևէ մեկը հնարավորություն չի տալիս, որ, օրինակ,  բիոինֆորմատիկայի կամ ստորջրյա ռոբոտաշինության լաբորատորիա ստեղծվի։ Ակնհայտ է, որ բոլորվին այլ մակարդակի և հավակնությունների ծրագրերի կարիք կա, որի համար անհրաժեշտ կլինի պետական համակարգում  HR-ի՝ մարդկային ռեսուրսների խնդիրը լուծել։ Բարդ հարցեր կան, և գոնե ինձ համար պարզ չէ, թե որտեղից է պետք բռնել թելը, բայց կարծես Գիտության կոմիտեի համար որոշ բաներ պարզ է։

Լիլիթ Ներսիսյանը

Լիլիթ Ներսիսյան, Կենսաինֆորմատիկայի ինստիտուտ

Պատերազմից հետո ստեղծվել են բազմաթիվ ոչ պետական հիմնադրամներ։ Գուցե շատերը չգիտեն, քանի որ մի քանիսը դեռևս գաղտնի փուլում են և հանրային չեն դարձել։  Այդ ինստիտուտներից մեկը կենսաինֆորմատիկայի ինստիտուտն է, որը ևս ցանկություն ունի օգտվել վերջին տարիներին Գիտության կոմիտեի նոր ծրագրերից։ Կան գրանտներ, որոնց կարող են դիմել ոչ պետական կառույցները, բայց այն դրամաշնորհները, որոնք նպաստում են նոր համագործակցությունների, նոր գիտական ուղղությունների և խմբերի ստեղծմանը, այս դրամաշնորհների վրա սահմանափակում կա․ դրանք միայն պետական կառույցների համար են։

Մուշեղ Ռաֆայելյանը

Մուշեղ Ռաֆայելյան, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող

Պետությունը պետք է լայն նայի խնդիրներին, քանի որ համակարգ ստեղծողը պետությունն է։Ֆինանսական կողմը կարևոր է, սակայն եթե համակարգ չկա, որը պետք է մարսի այդ գումարը, անիմաստ է։ Այսինքն՝ համակարգը պետք է լավ աշխատի, որը կարողանա կլանել այդ ֆինանսը։ Պետք չէ հույսը դնել միայն պետության ֆինանսավորման վրա, բայց պետք է ինչ-որ չափի գումար ունենալ, որ կարողանանք արտասահմանյան տարբեր գրանտներից օգտվել։

Back to top button