Ծովահայեր

Հողի ու ջրի երես դուրս եկած հազարամյակների կենցաղը․ «Ծովահայեր»

Նստում եմ Սևանի ափին ու մտապատկերում վերամարմնավորում անհիշելի անցյալի ուրվականները, տրվում երևակայությանը։ Հազարավոր տարիներ առաջ ովքե՞ր են ապրել Սևանի ավազանում, ինչպիսի՞ բարքեր ու կենցաղ են ունեցել, ի՞նչ կահ- կարասի օգտագօրծել ու ի՞նչ զարդեր կրել։ Խոսե՞լ են արդյոք հայերեն, ինչպիսի՞ երգեր երգել ու ի՞նչ հավատք են ունեցել։ Հնագետներն՝ այլ մոտեցում ունեն։

Հանգուցյալներին դատարկաձեռն չեն ճանապարհել․ 2018 թ. սկսած ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սոթքի արշավախումբը Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական խմբի հետ համատեղ հետազոտուում են Սևանի ավազանի Արտանիշ թերակղզին, որն իր շրջակայքով բավականին հարուստ է նախապատմական և պատմական շրջանի հուշարձաններով և դեռևս մանրամասն ուսումնասիրության չի ենթարկվել:

2020 թ.-ին արշավախումբը պեղումներ է կատարել երկու հնավայրերում: Պեղվել են Արտանիշ 23 պայմանական անունը կրող դամբարանադաշտի թվով 4 դամբարաններ, որոնք թվագրվում են Ք.ա. X-VI դդ.։ Դամբարանների գտածոները հուշում են, որ հանգուցյալներին դատարկաձեռն չեն ճանապարհել այն աշխարհ։ Հազարամյակների կենցաղի մասին այսօր կարող ենք պատկերացում կազմել գտնված տարատեսակ ուլունքների, ոսկե նետասլաքի, կավամանների բեկորների, հախճապակե գավաթի բեկորների միջոցով:

Սոթքում հանգուցյալները ոսկեզարդ չեն․ Երկրորդ հուշարձանը, որտեղ արշավախումբն իրականացրել է ուսումնասիրություններ, պայմանականորեն անվանվում է Արտանիշ 9: Հնավայրն իրենից ներկայացնում է վաղ բրոնզեդարյան բնակատեղի՝ թվագրվելով Ք.ա. XXVIII-XXVII դդ.: Առկա նյութերի միջմասնագիտական հետազոտությունները հնարավորություն են տալիս այստեղ վերականգնել երկրագործությամբ և անասնապահությամբ զբաղվող մի հասարակություն, որն ուներ քարե հիմքով ճարտարապետություն և կարող էր ունենալ կավե, քարե, գուցե նաև մետաղե իրերի արտադրություն: Բավականին մոտ լինելով Սոթքին՝ սպասվում էր, որ հանգուցյալների հետ հուղարկավորված ոսկյա իրերի պակաս չէր լինելու։ Սակայն հնագետները հակառակն են պնդում. հնագիտական աշխատանքների ընթացքում հայտնաբերված ոսկյա զարդերի ամենամեծ պաշարը հայտնաբերվել է Մեծամորի հնավայրի պեղումների ընթացքում։

Հնագետը նաև սուզո՞րդ էՊեղումներին զուգընթաց Հայաստանում առաջին անգամ հնագետներին միացած սուզորդները, հետազոտություններ արեցին նաև ջրի հատակին։ ԱրմԴայվինգ սուզորդական ակումբի սուզորդները թերակղզու ափամերձ մի քանի հատվածներում ջրի տակ սկսեցին փնտրել հնագիտական հուշարձաններ։ Առաջին փորձը պսակվեց հաջողությամբ: Ափեզրի մի հատվածում սուզորդները հանդիպեցին շրջանաձև կանոնավոր շարվածքի. «միգուցե դամբարա՞ն է», մտածում են հնագետները:

Սևանի ավազանի հողի ու ջրի երես դուրս եկած հազարամյակների պատմության, հնագիտական, մարդաբանական ուսումնասիրությունների ու սուզորդների հետ համագործակցության առաջին փորձի մասին «Ծովահայերի» եթերում պատմում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, հնագետ Մարիամ Ամիրյանը և մարդաբան, հնագետ, Հայաստանի պատմության թանգարան, հնագիտական բաժնի վարիչ Հասմիկ Սիմոնյանը։

Back to top button