ԿարևորՀասարակություն

Ինչպես կանխել զբոսաշրջության ոլորտի գահավիժումը

Համավարակի օրվա ցուցանիշները փաստում են, որ զբոսաշրջության ոլորտում առաջացած ճգնաժամը դեռ կշարունակվի, մինչդեռ այստեղ տասնյակ կազմակերպություններ են՝ սոցիալական լուրջ խնդիրների առջև կանգնած իրենց հազարավոր աշխատակիցներով։ Ինչ է առաջարկում պետությունն այս իրավիճակում․ Փորձել ենք պարզել  ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ  Ալֆրեդ Քոչարյանի հետ զրույցում։

Համավարակով ու պատերազմով պայմանավորված  չափազանց ծանր վիճակում է հայտնվել   զբոսաշրջության ոլորտը։ Ցուցանիշները գահավիժում են, իսկ ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում ու ակնկալում պետության աջակցությունը, միայնակ գլուխ չեն հանի։

«Այո, ոլորտը ամենատուժածներից է, և այս ուղղությամբ՝ ի դեմս Զբոսաշրջության պետական կոմիտեի  կառավարությունը մշակել է աջակցության երկու ծրագիր՝ 23-րդը և 25-րդը։ Մասնավորապես, տուրիզմի, հանրային սննդի ոլորտում աշխատող  կազմակերպություներին ուղղված 23-րդ  ծրագրով  նախատեսված աջակցությամբ  փորձել ենք նպաստեղ աշխատատեղերի պահպանմանը։ 25-րդ միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվել  տուրիզմի ոլորտում ավտոտրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններին։ Այս ծրագրով մինչ օրս տրամադրվել է շուրջ վաթսունութ  միլիոն դրամ աջակցություն»։

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ  Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ ոլորտի համար ամենամեծ կորուստը շուրջ 1.9 միլիոն արտասահմանցի զբոսաշրջիկներն են, ցուցանիշ, որը գրանցվել էր 2019 թվականին։ Նրանց հոսքը Հայաստան գրեթե ամբողջությամբ դադարել էր, ինչն էլ առիթ դարձավ, որպեսզի շեշտը դնեն ներքին տուրիզմի զարգացման վրա։ Սակայն պատերազմից հետո լուրջ խնդիրներ առաջացան նաև այս ոլորտում․ ներքին տուրիզմի ամենանախընտրելի ուղղություններից երկուսը՝ Սյունիքն ու Արցախն այլևս անվտանգ չեն ճանապարհորդելու համար։  Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալը վստահեցնում է, որ խնդիրը ուշադրության առանցքում է, և որոշ ծրագրեր արդեն խմորումների փուլում են։

Back to top button