ԿարևորՄիջազգային

Վրաստանի ընդդիմությունը սկսում է մշտական ցույցերը

Հարևան Վրաստանում ներքաղաքական իրավիճակն էլ ավելի է լարվել ընդդիմության առաջնորդներից մեկի ձերբակալությունից հետո։ Ընդդիմությունը մշտական բողոքի ակցիաներ է սկսել, պահանջներից մեկը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Թբիլիսիում ոմանք այս ամենը նմանեցնում են մինչ Վարդերի հեղափոխությունը տեղի ունեցող զարգացումներին։    

Վրաստանի թերևս ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժի՝ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցության (Միացյալ Ազգային Շարժման)  առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունը կրկին փողոց է հանել հարյուրավոր քաղաքացիների։

Թբիլիսիի կենտրոնում 2019-ի զանգվածային անկարգությունների գործով մեղադրվող Մելիան  դատարանի որոշմամբ ձերբակալվել է տուգանքը չվճարելու համար։ «Գործող իշխանությունները Վրաստանը բռնապետական երկիր են դարձնում», — վկայակոչելով Մելիայի ձերբակալությունը,  ասում են ընդդիմադիր ուժերը՝ կոչ անելով քաղաքացիներին մասնակցել բողոքի ակցիաներին։

Վրացի քաղաքագետ Գիա Նոդիան, ով համարվում է ավելի շատ ընդդիմության կողմնակից, ասում է․ «Անկասկած, ընդդիմադիր գործչի ձերբակալությունը Վրաստանին դարձնում է Ռուսաստանի ու Բելառուսի նման երկիր։ Սակայն որպեսզի Վրաստանն ամբողջովին դառնա բռնապետական երկիր, դեռևս շատ այլ քայլերի պիտի դիմեն»։

Ընդդիմության՝ «Վրաստանը բռնապետական երկիր է դառնում», «Պուտինը վերադառնում է» քարոզչությունը, ըստ քաղաքական վերլուծաբան Արչիլի Սիխարուլիձի՝ իշխանության հասնելու, մարդկանց փողոց հանելու քայլ է։ Սակայն ըստ նրա, բացի 200-300 քաղաքացուց Նիկա Մելիայի համար ոչ ոք փողոց դուրս չի գա․

«Վրաց ժողովուրդը երբեք Նիկա Մելիայի համար ցույցերի դուրս չի գա, երբեք իշխանափոխություն չի իրականացնի։ Նիկա Մելիան դա Գամսխաուդիա չէ, Ստալին կամ այլ հայտնի հեղափոխական չէ, նա ընդամենը Սաակաշվիլիի ստվերն է՝ զուրկ ինքնուրույն որոշում կայացնելուց»։

Նա այս ակցիաների արդյունքում քիչ հավանական է համարում արտահերթ ընտրությունների անցկացումը, սակայն միևնույն ժամանակ չի բացառում։

Քաղաքագետ Առնո Խիդիրբեգիշվիլիին ընթացող իրադարձությունները հիշեցնում են 2003-ի վարդերի հեղափոխությունը։ Ըստ նրա, Սաակաշվիլին վերադառնում է․ «Վրաստանում կրկնվում են 2003-ի իրադարձությունները՝ ընտրություններ, հետընտրական հանրահավաքներ, վարչապետի հրաժարական։ Հեղափոխական սցենարն արդեն ընթացքի մեջ է»։

Վրաստանյան իրադարձություններն ըստ Սիխարուլիձեի չեն կարող որևէ կերպ ազդել տարածաշրջանի երկրների վրա․ «Վրաստանը նման ռեսուրսներ չունի»։

Վրաստանի խորհրդարանն օրերս նոր կառավարություն ձևավորեց։ Քաղաքական հարցերով փորձագետ Վախթանգ Մայիսայայի համոզմամբ, նոր կառավարությունը արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն չի անի․ «Ես չեմ կարծում, որ նոր վարչապետի նշանակումը որեւէ փոփոխություն կբերի։ Սա չի ազդի Հայաստանի հետ մեր բարիդրացիական հարաբերությունների վրա։ Ավելին, ես կարծում եմ նոր վարչապետի համար առաջնահերթությունը է կովկասյան քաղաքականությունը»։

Ի դեպ, Վրաստանի նորընտիր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ տարածաշրջանային այցը հավանաբար կսկսի Ադրբեջանից՝ օրակարգում վրաց-ադրբեջանական սահմանազատման ու Դավիթ Գարեջիի համալիրի հարցն է։

Back to top button