ԿարևորՀասարակություն

Ղազանչեցոցում հնարավոր է պատարագներ մատուցվեն․ Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի նորանշանակ  առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակումից հետո լրատվամիջոցների հետ իր առաջին հարցազրույցում «Ռադիոլուրի» հետ խոսել է առաջիկա անելիքների ու կարեւոր քայլերի մասին։ Արցախ կմեկնի արդեն օրերս։

Փետրվարի 7–ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցում կմատուցվի  թեմակալ առաջնորդի առաջին պատարագը։ Իսկ այս ընթացքում մի շարք կարեւոր քայլեր արդեն ձեռնարկվել են․

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում և Արցախի մյուս՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած վանական համալիրներում ռուս խաղաղապահների վերահսկողությամբ հոգևոր  առաքելություն  իրականացնելու  ուղղությամբ բանակցություն է տարվում․ անգամ բարձրաստիճան քննարկումներ են եղել։ Արցախի թեմի նորանշանակ առաջնորդը լիահույս է՝ դրական արձագանքները չեն ուշանա։  

Նամակներ են ուղղվել նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝  հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների հոգևոր արժեքների դուրս բերման համար։ Առաջիկա օրերին ակնկալվում է պատասխանը։

Արցախի թեմը պատերազմի այս ելքի պատճառով սեղմվել է, փոքրացել, սակայն առաքելությունը մեծ է, հիմա՝ ավելի մեծ՝ ասել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով նախկինում Հայաստանի զինված ուժերի հոգեւոր առաջնորդն էր։

Back to top button