ԿարևորՀասարակություն

Եթե ՊՆ–ն խոսեր

Ես Արմինե Գևորգյանն եմ: 7 տարի է՝ աշխատում եմ Հանրային ռադիոյում: Մենք փորձում ենք լինել բացարձակապես չեզոք, հավասարակշռված և զուրկ հուզականությունից: Բայց այսօր ես խախտում եմ մեր ընկերության կանոնադրությամբ, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով և առհասարակ լրագրողական միջավայրում ընդունված չափորոշիչներով ամրագրված կանոնները: Անում եմ դա դիտավորյալ՝ վերադասի իմացությամբ:

Այն, ինչ այսօր կատարվում էր Վազգեն Սարգսյանի անվան  ռազմական համալսարանի մոտ, դուրս է որևէ տրամաբանությունից. դարպասների դիմաց հավաքված զինծառայողների հարազատները պահանջում էին, որ իրենց որդիներին, եղբայրներին, մտերիմներին չտանեն Արցախ:

Տղաներ և աղջիկներ, տանը մարդ կա՞։  Այսինքն ինչպե՞ս։ Ի՞նչ է նշանակում Արցախ չտանե՞ք։ Արդյո՞ք օրինակ Գավառը, Ապարանը, Սիսիանը առավե՞լ Հայաստան են, քան ասենք Ասկերանը, Ստեփանակերտը ու կներեք վերքի վրա աղ ցանելու համար՝ Քարվաճառը, Ջրականը, Բերձորն ու Հադրութը: Հայեր, խելքներդ տե՞ղն է։

Ու որպեսզի մերկապարանոց չհնչի իմ այս նախաբանը, պատմեմ սկզբից։ Այսօր բողոքի ակցիա  էր  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի  դիմաց, թեման՝  «չենք ուզում, որ մեր  որդիները ծառայեն Արցախում»։

Ժամկետային  զինծառայողների հարազատներն  արդեն տևական ժամանակ  է այս հարցը բարձրացնում են ու պարբերաբար անցկացնում բողոքի ակցիաներ։ Այսօրվա ակցիան հասավ իր գագաթնակետին․ բողոքի մասնակիցները խոչընդոտում  էին  զինծառայողներին տեղափոխող   ավտոմեքենաների տեղաշարժն ու բարձրաձայն  հայտարարում ՝ մեր որդիները  չեն ուզում ծառայել Արցախում,  նրանց բռնի ուժով տանում են ծառայության։  Խնդիրն այն է, որ ժամկետային զինծառայողներն Արցախից 10 օրով  արձակուրդ են եկել և դեկտեմբերի 28–ին պետք է վերադառնային, սակայն ՊՆ–ից ծնողներին ասել են, որ դեպի Արցախ տանող ճանապարհն անվտանգ չէ, ադրբեջանցիները թույլ չեն տալիս անցնել  և ժամանակավորապես զինծառայողներին կացարան են տրամադրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

Իհարկե հասկանալի է ծնողների անհանգստությունը,  քանի որ  պետության անտարբերությունը նրանք զգացել են  պատերազմի ավարտից հետո էլ, երբ խաղաղ  պայմաններում զինվորներ են գերեվարվել։  Եվ ակցիաները «լեգիտիմ » բնույթ են ստանում , քանի որ այս ամբողջ  ընթացքում  պաշտպանության   գերատեսչությունը  որևէ հոդաբաշխ  բացատրություն չի տալիս։

Պաշտպանության նախարարը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պարզ մարդկային լեզվով ծնողների  հետ խոսելու, իրավիճակն ու դրա նրբությունները  բացատրելու փոխարեն նախընտրում են լռել։ Մինչդեռ հենց նրանք պետք է բացատրեն, որ  մեր հայրենիքի  սահմանները   սկսվում  են  հենց  Արցախից։  Նրանց լռության արդյունքում է օր օրի մեծանում անջրպետը,  ակտիվանում   հայաստանցիների՝  Արցախում ծառայել-չծառայելու թեզը։

Իսկ լռությունը նաև վտանգավոր է։  Այն առնվազն կարող է հիմնավոր դարձնել անհեթեթ թվացող, բայց շրջանառվող այն պնդումը, որ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ  հայկական զորքեր Արցախում չեն լինելու։

Այս թնջուկը թերևս կբացվեր, եթե խոսեր ՊՆ –ն,  խոսեր պարզ ու հասկանալի։ Բայց քանի որ պաշտոնական պարզաբանումներ չեն հնչում, թելադրողը դառնում են խոսակցությունները:

 Եվ որպես վերջաբան․ ձեր տղերքը երդվել են… Հիշեցնեմ տեքստը․ «Ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում՝ հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը: Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ»:

Ի՞նչու եք ձեր տղերքին երդումը դրժող դարձնում:

Պատերազմը չի ավարտվել:

Փառք Նահատակներին։

Մեր 94-ը  կգա:

Back to top button