ԿարևորՄշակույթ

Բժշկի դստեր հուշերը՝ Մհեր Մկրտչյանի մասին

Վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն, ԱԺ պատգամավոր ու պարզապես՝ հրաշալի բժիշկ Համլետ Թամազյան։ Բժշկի ու հիվանդի, տվյալ դեպքում ՝ սիրելի դերասան Մհեր Մկրտչյանի ճանապարհները մի օր խաչվեցին՝ վերածվելով  ամուր ընկերության։  Երկուսն էլ այսօր, ցավոք, չկան, բայց կան նրանց բարեկամության, ընկերության  մասին հուշերը, որոնք  մեզ սիրով փոխանցել է Համլետ Թամազյանի դուստրը՝ ակնաբույժ, Ավագյան-Մալայան կենտրոնների աչքի էքսիմեր-լազերային բաժնի վարիչ Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանը։ 

Առաջին հանդիպումը մի տեսակ առեղծվածային էր, քանի որ  Ֆրունզը  ոչինչ չէր հիշում․ հիվանդանոց էր տեղափոխվել անգիտակից վիճակում, ծանր արյունահոսությամբ․ Մհեր Մկրտչյանի ու  վիրաբույժ Համլետ Թամազյանի ճակատագրական  հանդիպումն այսպես է ներկայացնում  բժշկի դուստրը՝  հայտնի ակնաբույժ  Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը․

«Երբ ստամոքսի խոցը պայթել էր և կյանքի ու մահվան կռիվ էր տանում, նրան տեղափոխեցին  Միքայելյանի անվան վիրաբուժության  ինստիտուտ։ Եվ իմ հայրիկը վերցրեց իր վրա այդ պատասխանատվությունը՝ վիրահատելու մեծ արտիստին։  Իհարկե, միշտ լինում է պատասխանատվություն հիվանդի կյանքի համար, բայց  Ֆրունզի կյանքը միայն Ֆրունզի կյանքը չէր․․․Եվ բժիշկը, որը պիտի փրկեր նրան, ձախողման դեպքում կարող էր դառնալ  սիրելի դերասանի մարդասպանը»։

Ստանձնելով բարդ վիրահատությունը` Համլետ Թամազյանը, բառի բուն իմաստով, փրկեց Ֆրունզիկի կյանքը։ Բժիշկ-հիվանդ հարաբերություններն անմիջապես  վերածվեցին ընկերության, որը շարունակվեց մինչև Ֆրունզի մահը։ Լուսինեի խոսքով՝ շփվում էին հաճախ, առանց պարտադրանքի, առանց բժշկական ուղեցույցին հետևելու։  Ներկայացնում է ամենավառ հիշողություններից մեկը․ վիրահատությունից հետո՝ մայիսի մեկին, Համլետ Թամազյանի ծննդյան օրն էր, ու Ֆրունզը որոշել էր անակնկալ  մատուցել․

Հատված ՝ «Ֆրունզիկ Մկրտչյան. լուրջ ժպիտով» ֆիլմից

«Բժիշկների լեզվով ասած пятиминутка էր՝ բժիշկների 50-60 հոգանոց հավաք կոնֆերասների  մեծ դահլիճում։  Սովորաբար այդ հավաքներին տարբեր դեպքեր էին քննարկվում, և ամբողջը տեսանկարահանվում էր։ Քննարկումից հետո հանկարծ լույսերը անջատեցին ու շտապօգնության ձայնի ներքո, անիվների վրա շորով ծածկած ինչ-որ բան ներս բերեցին»։

Ծածկոցը բացվում է, ու պարզվում , որ Ֆրունզիկն է։ Տպավորություն էր, որ ծածկոցի տակից ծնվում է։ Ըստ Ֆրունզի իմպրովիզացիայի՝  նորածին էր, կաթի շշով, իրականում՝ օղու,  և  նորածնի մյուս պարագաներով, պատմում է Թամազյանի դուստրը։

«Ուրեմն՝ օղու շշի վրա  հագցրել էր սոսկան, ու նորածին երեխայի նման՝ շշից ուտելով , բացեց ծածկոցն ու բացականչեց․ «Բարև ձեզ, ես նոր ծնվեցի, Ֆրունզիկն եմ, Մհերը, որը շատ անպիտան երեխա լինելով մեկ ամիս առաջ խոց բացեց իր ստամոքսում, արնահոսեց, քիչ էր մնում մահանար ու Գաբրիել հրեշտակը կանչեց իր մոտ։  Բայց այդ ժամանակ հանդիպեցի մորուքով մի մարդու՝ լոռեցի գրող Թումանյանն էր։ Գաբրիելը նրան բողոքեց, թե՝ թքել եմ Միքայելյան ինստիտուտի վրա, այնտեղ մի լոռեցի բժիշկ կա, բոլոր կլիենտներին տանում է ինձանից, փրկում է հիվանդների կյանքը։ Թումանյանն էլ, թե՝ վա՜յ, մեր լոռեցի՞ն, Սերոժի տղե՞ն»։

Նորածին Ֆրունզ, Գաբրիել հրեշտակ ու լոռեցի Թումանյան եռակողմ զրույցն այնպես էր զարմացրել ու հուզել բժիշկ Թամազյանին, որ ամբողջ ընթացքին հետևում էր թաց աչքերով։ Անակնկալի վերջին ակորդն էլ  խիստ հուզական ու գեղարվեստորեն էր ներկայացվել։

«Լույսերն անջատում են, հնչում է երաժշտություն «Անուշ» օպերայից, ներս են մտնում բուժքույրերը՝ յուրաքանչյուրի ձեռքին մի վարդ, մյուս ձեռքում՝ մոմ։ Մոմերը հերթով տանում դնում են հայրիկիս դիմաց դրված տորթին, վարդն էլ փոխանցում նրան։ Այդպես՝ 47 մոմ, 47 ծաղիկ։ Շատ հուզիչ էր»։

Անակնկալը ստացվեց, որոշ ժամանակ անցավ ու պարզվեց, ուր Ֆրունզը ունի նաև ճողվածք։ Ինպրովիզացիայի հերթը բժիշկ Թամազյանինն էր․ որոշեց վիրահատությունը կատարել ոչ թե ընդհանուր, այլ տեղային անզգայացմամբ։ Արդյունքում՝ վիրահատությունը բեմադրության վերածվեց։

«Ուրեմն՝ ծածկոց է, որը բաժանում է Ֆրունզի դեմքը, ծածկոցից այն կողմ հայրս աշխատում է, իսկ Ֆրունզը ամբողջ վիրահատության ընթացքում ասմունքում ։ Դա մի սյուրռեալիստական ֆիլմ էր»։

Բժկի դստեր տպավորիչ հիշողություններից թերևս ամենավերջինը․ Մհեր Մկրտչյանի թատրոնն արդեն գործում էր, առաջին ներկայացումը «Հացթուխի կինն» էր։ Պրեմիերան Ֆրունզը նվիրել էր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտին։ Դահլիճում  հիվանդանոցի անձնակազմն էր՝ բժշկից մինչև հավաքարար։ Բնականաբար, հրավիրված էր նաև Համլետ Թամազյանի ընտանիքը։

«Այդ «Հացթուխի կինը» Ֆրունզն այնպես խաղաց․․․ Աստծո կողմից ավելի  շատ համբուրված դերասան ես չեմ ճանաչում, ու չեմ էլ կարող ասել՝ կունենա՞նք  երբևէ։ Նա որքան կոմեդիայի, նույնքան էլ դրամայի վարպետ էր։ Ներկայացումից հետո հայրս բարձրացավ բեմ՝ մեծ, սպիտակ վարդերով, Ֆրունզը հայրիկիս առաջ ծնկի եկավ, ու հայրս էլ այդ պահին ծնկի եկավ, ողջագուրվեցին ու երկուսն էլ  լաց  եղան»։

 Հետո Ֆրունզը բժշկին է նվիրում որդու՝ Վահագի ձեռքով արված իր դիմանկարը։ Այս ամբողջը կարծեք ներկայացման շարունակությունն էր, կյանքի կողմից բեմադրված մի այլ  ներկայացում։ Մեր զրույցի ավարտին Լուսինե Թամազյանը նաև հավելում է՝ հետաքրքիր զուգադիպությամբ և՛ Ֆրունզը, և՛  հայրս՝ Համլետ Թամազյանը, մահացան  62 տարեկանում։  

Back to top button