ԿարևորՀասարակություն

Կրի՛ր դիմակ. կորոնավիրուսից բուժվածն ու հետազոտողները համակարծիք են

Տեխասի ու Կալիֆոռնիայի հինգ համալսարանների հետազոտողների խմբի վերջին հետազոտությունը  թվերով ու գրաֆիկներով է ցույց  տալիս, թե դիմակների կրումն ինչպես է ազդել կորոնավիրուսի տարածման վրա։

Հայաստանում դեռ այդպիսի ուսումնասիրություն չի արվել, բայց կորոնավիրուսից բուժվածներն իրենց սեփական փորձով են հաստատում գիտնականների հետազոտության արդյունքների ճշմարտացիությունը։

Շահանենց տանը մեկի դիմակ չկրելը վարակեց երեքին, իսկ իր դիմակը, որի տակ արդեն կորոնավիրուսի հիվանդությունն էր, չվարակեց  և 15 գործընկերներից ոչ մեկին. «Ես 100 % վարակված, երկուշաբթի աշխատանքի եմ գնացել, շփվել եմ 15 հոգու հետ, եղել եմ դիմակով ու որևէ մեկին չեմ վարակել, որևէ մեկը ախտանշան չի ունեցել»,– պատմում է կորոնավիրուսից բուժված Շահան Ջեբեջյանը։

Շահանը մայիսի սկզբին դիմակ չկրելու պատճառով վարակվեց, դիմակ կրելու արդյունքում չվարակեց ոչ մեկին, մեկուսացավ ու բուժվեց։ Դիմակի «փրկիչ» հատկության մասին Շահանն արդեն խոսում է մեկ ամիս, իսկ Տեխասի և Կալիֆոռնիայի հինգ համալսարաններ ներկայացնող հետազոտողների խումբը վերջերս թեզը հաստատեց գիտականորեն։

Համեմատվել են  Covid-19 վարակի տարածման միտումներն Իտալիայում և Նյու Յորքում դիմակ կրելու  պահանջից առաջ և հետո:

Երկու վայրում էլ վարակի տարածման կորը հնարավոր է եղել հարթեցնել միայն դիմակ կրելու պահանջը պարտադիր դարձնելուց հետո։

Հետազոտողները հաշվարկել են, որ դիմակ կրելու արդյունքում ապրիլի 6-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում կանխվել է վարակման ավելի քան 78․000 դեպք Իտալիայում և 66․000 դեպք՝ Նյու Յորքում ապրիլի 17-ից մայիսի 9-ը ընկած ժամանակահատվածում:

Մայիսի 25-ից Հայաստանում դիմակի կրումը դարձավ պարտադիր։ Գիտական ուսումանսիրություններ դեռ չկան, թե դիմակի կրումը վարակման քանի դեպք է կանխել, բայց Գերմանիայից Հայաստան վերադարձած ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանն ասում է՝ Գերմանիայում մահվան ցածր ցուցանիշը հասարակության բարձր պատասխանատվության արդյունքն է․

«Անպայման պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները, բացառեք ոչ անհրաժեշտ շփումները, կրեք դիմակ, պահպանեք ֆիզիկական հեռավորություն։ Կանխարգելումը միակ արդյունավետ միջոցն է»,- ասում է բժիշկ Մանուկյանը։

Անկախ ուսումնասիրություններից  արժե հիշել Շահանի օրինակը. մեկ  դիմակը փրկել է 15 մարդու կյանք։

Back to top button