ԿարևորՄշակույթ

Հայ ռեժիսորի ֆիլմն ընգրկվել է Կաննի փառատոնի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should Thr Wind Fall) ֆիլմն ընտրվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ընտրության «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features)  անվանակարգում։ Հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Ռեժիսորի այս աշխատանքը  հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։ Ֆիլմի նկարահանումների գերակշիռ մասն արվել են Հայաստանում և Արցախում։

Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։ Ֆիլմի  վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները․հայկական՝ «անԷվա պրոդաքշն» (anEva production), ֆրանսիական՝ «Սիսթր պրոդաքշն» (Sister productions), բելգիական՝ «Կվասսա Ֆիլմս»` (Kwassa Films) ։
Ֆիլմը նկարահանվել է  Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ 

Հայաստանում կինոյի պատասխանատուների և  կինոարտադրողների շնորհիվ, համատեղ արտադրությունը դանդաղ բայց հաստատուն քայլերով գնում է առաջ, արդեն երևում են կինոինդուստրիայի գրանցած առաջին հաղթական ու ապագայի խոստումնալից ծիլերը։

Կինոնկարի հաջողությունը մեծապես պայմանվորված է ֆիլմի ռեժիսորի և աշխատանքային թիմի երկար տարիների  շարունակական ու համառ աշխատանքով։

 «Սա իմ առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը կարող է հավակնել «Ոսկե տեսախցիկ» մրցանակին։ Այս տարի Թիերի Ֆրեմոն ընտրված ֆիլմերը չի բաժանել մրցութայինի և ոչ մրցութայինի․ դրանք  ներկայացված են  մեկ ընդհանուր ցուցակով։ Թեև ժյուրին չի աշխատելու, բայց Կաննի փառատոնի պատասխանատուները աջակցելու են այդ ֆիլմերի ցուցադրություններին ամբողջ աշխարհում, կազմակերպելու են մամուլի ասուլիսներ և այլն։

Ինչ վերաբերում է «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմին, ապա Թիերի Ֆրեմոն ասուլիսի ժամանակ ասել է, որ այն իրենց  շատ է դուր եկել։  Այս պահին մենք ունենք դեռ ACid-ի ծրագիրը, որը մեկնարկելու է սեպտեմբերին։ Այն  նախատեսում է լայնածավալ ցուցադրություններ, մամուլի ասուլիսներ, հանդիպումներ և այլ այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն կինոնկարի տարածմանն ու դիտրիբյուցիային»,- այս մասին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ասել է Նորա Մարտիրոսյանը։

Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել հայ և ֆրանսիացի դերասաններ՝ Նարինե Գրիգորյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը և Գրեգոր Քոլինը։

Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը  ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերացբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով: 

Back to top button