ԿարևորՄտքերի խաչմերուկ

Ինչո՞ւ հայերը խանութներից «չսրբեցին» առաջին անհրաժեշտության ապրանքները

«Տնտեսական ճգնաժամի սպասումներ կային դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին՝  մինչև կորոնավիրուսի տարածումը։ Վարակը դարձավ երկրորդ հարվածը տնտեսական միջավայրին։ Նավթի գները սկսեցին անկում ապրել․ կորոնավիրուսն անուղղակիորեն դարձավ դրա պատճառը՝ նվազենցնելով ուղևորափոխադրումների ծավալը,  բնակչության պահանջմունքները և արտադրության պահանջները։ Դրա պատճառով էներգակիրները և առաջին հերթին նավթը սկսեցին գնանկում ապրել։ Սրան, իհարկե, Ռուսաստան-ՕՊԵԿ հակասությունը նույնպես նպաստեց»,- վերլուծելով միջազգային ասպարեզում վերջին տնտեսական իրադարձությունների շղթան՝  նշում է «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ Կարեն Ավագյանը։

Տնտեսագետի խոսքով՝  նշված գործընթացների պատճառով հումքային բորսաներում գրանցված անկումն ու գունավոր մետաղների գների նվազումը կարող է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտնեսության վրա։ «Պղնձի գինը, որը հունվարին մեկ տոննայի դիմաց դեռևս  6200 դոլար էր կազմում, մարտյան ֆյուչերսներով գնահատվում է մոտավորապես 4700 դոլար։ Հունիսին կանխատեսվում է ավելի ցածր գին։ Այսինքն՝ անկման կանխատեսումները շարունակվում են մինչև հունիս»,- ասում է Ավագյանը։

Տնտեսական կենտրոնները գնում են հարկադրված միջոցների՝ տնտեսական կայունությունն ապահովելու և ճգնաժամի հնարավոր բացասական հետևանքները մեղմելու համար․ «Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մոտ 30 տոկոսը իրականացվում է  ԵԱՏՄ երկրների, գերակշիռ մասը՝ 28 տոկոսը, Ռուսաստանի հետ։ 30 տոկոս է կազմում նաև Եվրամիության հետ մեր առևտրաշրջանառությունը։ Այս երկու տնտեսական կենտրոններն էլ այս պահին կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով գտնվում են ցնցումների մեջ»- փաստում է տնտեսագետը՝ հավելելով, որ եթե  ԵՄ առաջատար երկրների տնտեսությունները դեռևս լուրջ տնտեսական ցնցումներ չեն գրանցում, նույնը չի կարելի  ասել Ռուսաստանի մասին։ Շուկան կայուն պահելու համար ՌԴ-ն ժամանակավորապես արգելել է հատիկավոր մշակաբույսերի արտահանումը։ Ռուբլին բավականին մեծ անկում է գրանցում դոլարի և եվրոյի նկատմամբ, ինչը Հայաստանի համար նույնպես որոշակի խնդիրներ է առաջացնելու։ Դրամը գրեթե երեք տոկոսով արժեզրկվել է։

Միաժամանակ, Ավագյանի խոսքով, երևույթի շարունակականության դեպքում ԿԲ-ն  արտարժույթի  շուկայում միջամտություն կարող է  իրականացնել  «Կենտրոնական բանկի արտարժույթային պաշարները բավարար են  ֆորսմաժորային իրավիճակներում դրամի կուրսը կայուն պահելու և տնտեսական պրոցեսների ներդաշնակությունն ապահովելու համար»,- ասում է տնտեսագետը։

Կարեն Ավագյանը նշում է նաև, թե Ռուսաստանի՝ բյուջեի կանխատեսվող կրճատման դեպքում պարզ է, թե ինչ կլինի դաշնակից պետություն արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների հետ և բացատրում, թե ինչու այլ երկների օրինակով՝ հայաստանյան խանութներից մեր հայրենակիցները «չսրբեցին» առաջին անհրաժեշտության ապրանքները։

Այս առումով նա նաեւ պատահական չի համարում վարկային կազմակերպությունների դիմաց վերջին օրերին գոյացած հերթերը։

Back to top button