ԿարևորՄշակույթ

Հզոր պետության մեջ դժբախտ հայ լինել չի կարող․ Աղասի Այվազյան

Ուր ասես չի տարել նրան ճակատագիրը։ Թիֆլիսում է ծնվել, սովորել  տեղի ակադեմիայում ու համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Ասում են՝ լավ լողորդ է եղել, զբաղվել է բռնցքամարտով։ Իր հուշերում  պատմում է այն խտրականության մասին, որը զգացել է Թիֆլիսում իբրև հայ։

Թիֆլիսը նրա համար հայրենիք չդարձավ, բայց մեծ հետք թողեց հետագա ստեղծագործական կյանքի վրա։ Առաջին ստեղծագործությունը՝«Անձրևը», լույս տեսավ այս քաղաքում։  Այն ու հետագայում նրա ստեղծած ամբողջ գրականությունն ամփոփված  է «ազգի ճակատագիր»,  «անհատի ճակատագիր» եզրույթներում։ Աղասի Այվազյանն ամենուր հայ էր փնտրում, իսկ հայի մեջ փնտրում է ր մարդում։ Նույնն էր նպատակը գրականության մեջ, կինոյում ու  գեղանկարներում։ Մարտի 23-ը Աղասի Այվազյանի ծննդյան օրն է։

Երբեմն անհասկանալի, հաճախ՝ չհասկացված, կենցաղային շփումների մեջ՝ ինքնամփոփ, ստեղծագործության մեջ՝ պերճախոս ու շռայլ։ Ժամանակակիցների բնորոշմամբ այսպիսին էր «Եռանկյունի» ֆիլմի Մկրտիչների դարբնոցի հեղինակը՝ Աղասի Այվազյանը։  Անվերջ որոնումները նրան գրականությունից դեպի կինո տարան, կինոյից՝ գեղանկարչություն։

Գրականությանը հայտնի բոլոր հնարքներով նա պեղեց, հետազոտեց, տակն ու վրա արեց բնության ամենամեծ հանելուկին՝ մարդուն։ Նա էլ իր հանճարեղ ժամանակակցի՝ Վիլյամ Սարոյանի նման ցավի ու տառապանքի միջից աշխարհին շարունակում էր նայել բարությամբ, և ամենուր ու ամեն ինչի մեջ շարունակում էր հայ փնտրել։ Ամենուր հայ էր որոնում, իսկ հայի մեջ որոնում էր մարդուն։

 «Սովորաբար մենք ասում ենք հայի տեսակ, մարդ բառը քիչ ենք ասում, կարծես հայը մի բան է, մարդը՝ մի բան։  Հայ մարդու տեսակ,  ես կասեի, որովհետև մարդ լինելու հանգամանքը պետք է դուրս չդնել հայ լինելուց։ Սա է Աղասի Այվազյանի  ամբողջ ցեղի ֆիզիոլոգիան և ցեղի կենսափիլիսոփայությունը՝ պահպանել հայ մարդու, Մարդ հայի տեսակը»։

Կինոգետ Դավիթ Մուրադյանի բնորոշմամբ՝ Աղասի Այվազյանը  չափազանց ազգային էր։  Եվ հայի տեսակի պեղումների մեջ  ժամանակ առ ժամանակ հանգում էր նրան, որ հայը միշտ գաղթական կլինի, Հայաստանը՝ երբեք։

Գրողի այրին՝ Գրետա Վերդյանը, պատմում է, որ ամուսնու հետ շատ ընդհանրություններ ունեին, կարող էին ժամերով չշփվել, ոչինչ չխոսել ու հասկանալ միմյանց կես բառից, հաճախ՝ առանց բառերի։ Ասում է՝ մինչև կյանքի վերջին օրը  ստեղծագործում էր, իսկ մահից առաջ ուներ լուրջ տագնապներ։

«Մահից մեկ շաբաթ առաջ ասաց՝ մի պատմվածք եմ մտածել։ Մահից հետո թղթերի մեջ գտա մի թուղթ, վրան գրված էր՝ «Անտիուտոպիա», պատմվածք, 2040 թիվ։ Նաև գրած էր՝ եթե դու հայերեն կխոսես, այս ճամպրուկը քեզ հալալ լինի։ Շատ մեծ վախ ուներ, ու Հայաստանը ծանր վիճակում է»։

«Այսօրվա ամենածանրակշիռ հարցը վերաբերում է մեր ազգային հոգեբարոյական կերտվածքին, ինչ է մնացել մեր բուն էությունից, մեր նախեղակ, աստվածարյալ  կերպից։ Արդյո՞ք մենք կարող ենք սրբել մեր վրայի աղբը, որ դարերի ընթացքում թշնամին կուտակել է մեր սկզբնագոյի վրա, փաթեթավորել է մեզ՝ մեր էությանն անհարիր կճեպով։ Ընդունակ ենք արդյո՞ք պատմակշիռ հայացքով վերլուծել մեր ներկան, այս դժվարին, սակայն վճռորոշ ժամանակը»,-«Ռադիոլուրի» հետ իր հարցազրույցներից մեկում  ասել էր Աղասի Այվազյանը, որի ամենամեծ երազանքը ազգը հոգեբանորեն առողջ ու միասնական տեսնելն էր։

«Երկրից է սկսվում ամեն ինչ։ Բոլորս ամենանեղ վիճակում պիտի կարողանանք մտածել երկրի մասին, որովհետև հզոր պետության մեջ դժբախտ հայ լինել չի կարող։ Կուզեի՝ բոլորս ձերբազատվեինք հայությանն անհարիր երևույթներից։ Դրանցից մեկը խորհրդային պետության իրավահաջորդ արևելյան թայֆաբազությունն է, որը ուտում է մեր մարմինը, խաթարում է մեր ավանդական բարոյականությունը»։

«Երևանում կառուցվող ամեն մի շենք  ինձ համար ուրախություն է։ Երևի նրանից է, որ շատ սարսափելի ժամանակներ եմ ապրել և չեմ կարող չգնահատել առաջընթացը։ Տեսել եմ սով, գաղթականություն, պատերազմ, բռնադատություն»։  Նա ասում էր, որ հայ մարդն ամեն ինչ պիտի իմանա, հայի գենոֆոնդին ոչ մի բան անհասկանալի չէ։ Աղասի Այվազյանն այդ գենոֆոնդի ամուր մասնիկն էր։

Back to top button