ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Չեմ տրվում լավը երևալու գայթակղությանը․ Արսեն Թորոսյան

«Եթե քաղաքացին եկել  է բռնկման օջախից, դա արդեն ցուցում է, իսկ եթե եկել է Չինաստանի, օրինակ, Պեկին քաղաքից, ապա թեստ կանցնի միայն  բժշկական ցուցումներից  հետո։ Քաղաքացին չի կարող առանց կլինիկական ախտանիշի   ժամանել կլինիկա և ասել՝ բարև ձեզ,  ես ուզում եմ կորոնավիրուսի թեստ անցնել», – «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ արձագանքելով  ֆեյսբուքյան քննարկումներին, թե Չինաստանից վերադարձած քաղաքացիներին կլինիկաներում հրաժարվում են թեստավորել։

ՖԲ օգտատերերից մեկը՝  Գագիկ Բարսեղյանն օրերս ժամանել է  Չինաստանի Գուանչժոու քաղաքից և  թոքաբորբ ախտորոշմամբ  արդեն մի քանի օր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում է, ահազանգել էր, թե  բժիշկները  հրաժարվում են իրեն կորոնավիրուսի թեստ անել` պատճառաբանելով, որ վիրուսի բռնկման օջախից` Ուհանից չի եկել եւ հիվանդությանը բնորոշ լուրջ ախտանիշեր չունի:

«Ես  ծանոթ եմ դեպքին, նրա մոտ  հայտնաբերվել է այլ վիրուս, սակայն նա պնդում է, որ անպայման անցնի թեստը,  ինչը  հավանաբար կարվի որպես բացառություն։  Բայց խնդրում   եմ  ավելորդ խուճապ   և լարվածություն չտարածել»,–ասել է  Թորոսյանը։ 

Նախարարը խոսել է նաև  բժշկական ապահովագրության ներդրման, ոլորտում նախատեսվող ծրագրերի մասին։

Իսկ պատասխանելով հարցին, թե ինչու է  հաճախ  հայտնվում քննադատությունների թիրախում, նաև թիմակիցների շրջանում,  երկու պատճառ է նշել։

«Գուցե անձով է պայմանավորված․  ես չեմ վարանում  մեր փոփոխությունների մասին խոսել, առաջարկել, երբեմն հասկանալով, որ դա կարող է  դիմադրություն առաջացնել։ Բայց  քանի որ կոնկրետ այդ փոփոխությունները  հանգեցնում են  դրական արդյունքի, չեմ տրվում լավ երևալու գայթակղությանը, թե ես ամենալավն եմ և ինձ չեն քննադատում»,– ասել   է Թորոսյանը։ 

Back to top button