ԿարևորՀասարակություն

Ինչպես հայ ավիակարգավարները կանխեցին ինքնաթիռների բախումը Թուրքիայի օդային տարածքում

Ավտոմեքենաների աշխատանքը կարգավորում է ճանապարհային ոստիկանը, իսկ օդային երթեւեկությունը՝ օդանավերի թռիչքներն ու վայրէջքները՝ ավիակարգավարը: Ինչպես է ապահովվում մեր օդային թռիչքը:

«Ռադիոլուրն» այցելել է «Հայաէրոնավիգացիա» օդային երթեւեկության կառավարման կենտրոն եւ գետնից 37 մետր բարձրության վրա հետեւել ավիակարգավարների աշխատանքին:

Բարի թռիչք կամ վայրէջք: Այս մաղթանքն օրվա ընթացքում պարբերաբար կրկնում են ավիակարգավարները: Նրանք, կարելի է ասել, օդանավերի ՙպահապան հրեշտակներն՚ են, օդաչուների աչքերը եւ ձեռքերը: Երկնքում անվտանգությունն այս մարդկանց ձեռքում է: Ավիակարգավարներն աշխատանքային չգրված, բայց հստակ կանոնով են առաջնորդվում. աշխատանքը պետք է կատարվի անկախ հանգամանքներից ու աշխատանքի պայմաններից։ Օդային երթեւեկության պատասխանատուները «Զվարթնոց» օդանավակայանում աշխատում են 37 մետր բարձրության վրա, որտեղից թռիչքուղին կարծես թե  «ափիդ մեջ»։

Մեր մոտ բոլոր կանոնները հաշվի են առնված, քանի որ աշխատանքը 24 ժամյա է՝ հանգստի սենյակ, ճաշարան, լոգարան։ Լարված աշխատանքի արդյունքում նրանք հանգստանալու, հերթափոխով աշխատելու պահանջ ունեն։ Այս ամենն արդեն 15 տարի է այսպես է։  Սա մեր հերթափոխի ղեկավարն է՝ Վարդանը, որը 41 տարվա աշխատանքի փորձ ունի։  Թռիչքների ղեկավարը ֆիզիկապես հետեւում է ավիակարգավարների աշխատանքին, թե ինչով են նաեւ զբաղված:

Արթուր Պապոյանը երկար տարիներ ապահովել է ինքնաթիռների անվտանգ թռիչքն ու վայրէջքը, իսկ այսօր արդեն կարգավորում է գործընկերների աշխատանքը։  Ուրախ աչքերով պատմելով օդային երթեւեկության նրբությունները Պապոյանը ներկայացնում է սրահում  նստած մասնագետների եւ նրանց՝ աշխատանքը։ Ավիակարգավարների մի մասը պատասխանատու է ինքնաթիռների թռիչքի պատրաստման անվտանգության ապահովման համար, որը կոչվում է գետնավարում։ Մի մասն էլ ստանձնում է ինքնաթիռի վազքուղուց մինչեւ թռիչք պատասխանատվությունը, իսկ մասնագետների մյուս մասը օդային միջանցքում է ուղեկցում օդաչուին՝ մինչեւ սահմանի մուտք կամ հատում։

«Թեկուզ մեկ աննշան վրիպում եւ դա կբերի մարդկային հարյուրավոր զոհերի։ Օդային երթեւեկությունը կարգավորվում է թիմային աշխատանքի շնորհիվ»,–ասում է Արթուր Պապոյանը։

«Երկու տարի դեռ չի անցել, մեր ավիակարգավարների վարպետության եւ տեխնիկական հագեցվածության շնորհիվ Թուրքիայի տարածքում կանխվեց հնարավոր միջադեպը։ Երկու ինքնաթիռ մոտենում էին իրար, եւ մեր ավիակարգավարների տված տեղեկատվության հիման վրա կանխվեց մեկի իջեցումը, մյուսի՝ մոտեցումը։ Ինքնաթիռներից մեկը ուղեւորվում էր Հայաստան։ Հնարավոր միջադեպը կանխելուց հետո, թուրք կարագավարը շնորհակալություն հայտնեց մեր ավիակարգավարներին»։

Ավիացիայում մասնագիտությունը սովորաբար փոխանցվում է ժառանգաբար՝ հորից որդու։ Զրուցակիցս՝ Ռոմանը, մեծացել է օդաչուների ընտանիքում, մանկուց լսել թռիչքների մասին ու երազել օդաչու դառնալ։ Սակայն ինչ- ինչ պատճառներով երազանքն անկատար է մնացել։

«Այսօր թռիչքներ չեմ իրականացնում, բայց անվտանգ թռիչք եմ ապահովում»,– նկատում է երիտասարդ ավիակարգավարը եւ ուրախ աչքերով հավելում` օդանավն իմ թուլությունն է։

Շատերը տարված են տարբեր տեսակի ավտոմեքենաներով, նրանց տեխնիկական հնարավորություններով ու արտաքին տեսքով, իսկ Ռոմանի համար թռչող հսկաներն են ներշնչանքի առարկա։

Օդաչուներին հրահանգավորելուց հետո վստահորեն շարունակում է միտքը. «Օդաչուների ու կարգավարների համագործակցությունը պետք է ճիշտ եւ հստակ լինի։ Մենք պարտավոր ենք հասկանալ օդաչուներին, իսկ նրանք էլ մեզ։ Այստեղ շատ կարեւոր է եւ օդաչուների հմտությունը, եւ ավիակարգավարների ճշգրիտ հրահանգները։  Հապաղելու կամ սխալվելու իրավունք չունենք։ Միեւնույն ժամանակ կարգավարի ռեակցիան պետք է լինի արագ եւ ժամանակին։ Հարցը րոպեների մասին չէ, այլ՝ վայրկյանների»։

Խորհրդային Միության ժամանակ գործող պրակտիկան արդեն երկու տարի է վերականգնվել է, մեծացել է օդաչու- կարգավար շփումը։ Այսինքն, այսօր արդեն ավիակարագավարները օդաչուների խցիկում անուղղակի մասնակցում են իրական թռիչքներին։ Օդաչուներին հրահանգներ տալուն զուգահեռ նրանք գործնականում տեսնում, զգում եւ պատկերացնում են թռիչքի դինամիկան, անուղղակի մասնակցում օդաչուի աշխատանքին՝ ավիակարգավարի կողմից հրահանգներ ստանալու ժամանակ։

«Ունեինք կարգավարներ, որ անգամ, որպես ուղեւոր օդանավ չէին նստել։ Իսկ այսօր արձագանքները երկկողմանի, հրաշալի են։ Ավիակարգավարներն օդաչուների խցիկում մասնակցում են իրական թռիչքների, որի ժամանակ ծանոթանում են միմյանց քմահաճույքների հետ։ Օդաչուն, հատուկ իրավիճակի դեպքում,  իրավունք ունի չենթարկվել, չլսել ավիակարգավարին։ Երբ, որ բախման հնարավորության դեպքում օդանավում գտնվող սարքավորումները հրահանգներ են տալիս օդաչուին կատարել որոշակի գործողություններ։ Այդ ժամանակ օդաչուն տեղյակ է պահում ավիակարգավարին օդանավի սարքերից ստացած հրահանգի մասին, եւ այն կատարելու ու ավարտելուց հետո նորից պետք է զեկուցի, որ արդեն պատրաստ է ղեկավարվել ավիակարգավարի կողմից։ Մնացած բոլոր դեպքերում պարտավոր են ենթարկվել»։

Ավիակարգավարները բնավորության մեկ «վատ» գիծ ունեն՝ պարծենալ չգիտեն։ Սակայն թվերն ու վիճակագրությունը  Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ԻԿԱՕ–ի կողմից, միշտ խոսուն են։ Հայ կարգավարների մատուցած ծառայություններն ու սպասարկումն աշխարհի թոփ 10 առաջատար երկրների ցանկում են ներառված։

Ավիակարգավար զրուցակիցներս միասնաբար պնդում են, որ անգամ ժամանակակից նանոտեխնոլոգիաներն են անզոր ապահովել անխափան, անվրեպ աշխատանք, եթե մարդկային գործոնը  զիջում է։ Տարածաշրջանի երկրների հետ համեմատած Հայաստանի ավիակարգավարական դպրոցը նախանձելի վիճակում է, ասում է Արթուր Պապոյանը։ Ոլորտում սերնդափոխություն է տեղի ունենում․ հմուտ արհեստավարժ մասնագետները գիտելիքները փոխանցում են երիտասարդներին։

«Այսօր տարածաշրջանային ծրագրեր ենք իրականացնում հարեւանների հետ։ Երկուսի հետ չի ստացվում, իսկ Վրաստանի հետ սահմանի հատման պարզեցված գործընթացներ են ներդրվել, այսինքն ՝ բացել ենք օդային սահմանը։ Հնարավոր է մտնել մեր օդային տարածք եւ միանգամից դուրս գալ Ռուսասատան՝ Վրաստանով։ Ուղղությունը որոշում է օդաչուն։ Իսկ մինչ այդ պարտավոր էր հասնել մի ինչ–որ կետի թեքվեր, շեղվեր ուղղությունից, որը ժամանակի, վառելիքի կորուստ էր»։

Աշխարհում ավիակարգավարի մասնագիտությունը հեղինակություն ու սոցիալական բարձր կարգավիճակ ունի: Նրանք պետք է գերազանց պատկերացնեն տարածաշրջանը, հաշվարկներ անելու ունակություն ունենան, տիրապետեն ավիացիոն կանոններին, տեղյակ լինեն օդանավերի թռիչքային տեխնիկական բնութագրերին, նավիգացիային, ավիացիոն օդերևութաբանությանը, պետք է նաեւ ԻԿԱՕ–ի չափանիշներին համապատասխան չորրորդ մակարդակի անգլերենի տիրապետեն։ Նշեմ, որ հայ ավիակարագավարներից շատերը 5–րդ կարգի աստիճան ունեն։

«Անձնակազմներն ինչ լեզվով էլ խոսեն, մերոնք պատասխանում են՝ բացի չիներենից»,–հումորով ասում է Արթուր Պապոյանը եւ հավելում, որ ոլորտի պատասխանատուների կողմից այսօր հնարավորություն է ստեղծվում  պարբերաբար մասնակցել միջազգային սեմինարների, որակավորման դասընթացների եւ ավիացիոն դաշտում մրցակցել գերտերությունների գործընկերների հետ։

Ունենալով փոքր օդային տարածք, բայց ոլորտի հմուտ եւ ճկուն մասնագետներ, ոլորտի պատասխանատուների վարած քաղաքականություն արդյունքում ամեն ինչ արվել է, որ ավիաշուկայում մեր տարածքի պահանջարկը միշտ լինի։ Մեզ շրջանցել դժվար է` ասում են հայ ավիակարգավարները։

Back to top button