Գերդաստաններ

Հանրահայտ ակադեմիկոսն ու նրա նույնքան տաղանդավոր որդին. Ջրբաշյաններ. «Գերդաստաններ»

Նա 38 տարեկանում արդեն ակադեմիկոս էր, մաթեմատիկայի ոլորտում նրա հետազոտությունները միջազգային ճանաչում ունեն, նրա որդին ևս մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, պրոֆեսոր և շատ կարևոր ուսումնասիրությունների հեղինակ։ Նրա գրականագետ, ակադեմիկոս եղբորորդին ևս մաթեմատիկոս է։

Հերոսական և ինքնատիպ գեղեցկությամբ աչքի ընկնող Վանը շատ հայտնի արհեստագործների, արվեստագետների ու գիտնականների հայրենիքն է։ Վանի այգեստաններում էին ապրում Ջրբաշյանները, որոնց նախնիները, հավանաբար, ապրել են մի հողամասում, որի վրա է գտնվել է, ինչպես պատմում են, ջրի հանրային աղբյուրը, որտեղից ջուրը պետք է արդար բաժանվեր ըստ հանրային քվոտաների։

Ջրի բաժանման հարցերով զբաղվողները եղել են հայտնի ակադեմիկոսներ Մխիթար և Էդուարդ Ջրբաշյանների նախնիները։ Եղբայրների հայրը՝ Մկրտիչը, եղել է շատ բանիմաց և հետևողական մի մարդ, որը տիրապետում էր նաև ֆրանսերենին։ Զբաղվում էր հաշվապահական գործունեությամբ ու նաև մարդկանց ուղևորությունների խնդիրներով։ Եվ այդ աշխատանքները հաճախ նա անում էր մոմի լույսի տակ։ Երբ գերդաստանը ցեղասպանությունից հետո գաղթում է Հայաստան, հաստատվում են Կոնդում՝ հողակերտ, բարձր առաստաղներով մի մեծ տան մեջ, որը մինչ օրս պահպանվում է։ Այն հին Երևանից պահպանված փոքրիկ, գեղեցիկ, կոլորիտային մի անկյուն է։ Պահպանվել են հետաքրքիր արևելյան զարդանախշերով պահարանը և արծաթապատ զարդահայելին, իսկ Վանից բերված պղնձե սափորները տան մի գեղեցիկ անկյունում ապրում են իրենց լուռ, հուզիչ  մտորումներով։

Մկրտիչի կինը՝ Աշխեն Մալոյանը, շատ գրասեր և գրքասեր կին էր։ Նա ավարտել էր Վանի Օրիորդաց դպրոցը։ Արտասանում էր պոեմներ, բանաստեղծություններ։ Նույն կերպ էլ դաստիարակում էր որդիներին։ Ընտանիքում պահպանվում էին Վանի  ընտանեկան ավանդույթները՝ միասին հացի նստել, զրուցել, խոսել այդ օրը կատարած աշխատանքների մասին։ Մխիթարը հաճախ էր հիվանդանում, և այդ իսկ պատճառով նա Մկրտիչին ավելի մեղմ էր վերաբերվում, իսկ Էդուարդի նկատմամբ ավելի խիստ էր և պահանջկոտ։ Հավանաբար այս պատճառով էլ Մխիթարը ձեռք էր բերել ավելի հանդուգն և երբեմն չհանդուրժող բնավորություն, իսկ Էդուարդը զուսպ էր ու ավելի հավասարակշռված։

Եղբայրները հաճախում էին Կոնդ թաղամասում գտնվող Շոթա Ռուսթավելու անվան դպրոցը։ Մխիթարին հավասարապես հետաքրքրում էին և՛մաթեմատիկան, և՛քիմիան։ 1935 թվականն էր, երբ Մկրտիչին համարեցին կուլակ և Մխիթարին հեռացրին դպրոցից։ Հայրը նրան ուղարկեց Թիֆլիս։ Այստեղ նա շարունակեց ուսումը, ցուցաբերեց փայլուն առաջադիմություն և ոսկե մեդալով դպրոցն ավարտելուց հետո եկավ Երևան և ընդունվեց Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։ Մկրտիչը կյանքի վերջին տարիներին հավատացած էր, որ որդիները բարձունքների են հասնելու։ Երբ մահացավ, Մխիթարն արդեն ասպիրանտ էր, և հանդիպել էր արդեն այն մարդուն, ում հետ շփումը նրա համար եղավ կարևոր ու բախտորոշ։

1945 թվականին Մխիթար Ջրբաշյանն արդեն հանրահայտ գիտնական Արտաշես Շահինյանի ղեկավարությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը։ 38 տարեկանում նա ակադեմիկոս էր։ 1956 թվականին գիտնականն ընտրվում է ակադեմիայի իսկական անդամ։ Գիտնականը շուրջ 250 գիտական հրապարակումների հեղինակ է, ինչը կոմպլեքս-անալիզում բացարձակ ռեկորդ էր։   Նրա հետազոտությունները ունեցան միջազգային ճանաչում և կարևոր նշանակություն նաև գործնական ոլորտում։ Օրինակ՝ նրա հետազոտություններից մեկը, Մոսկվայի գաղտնի ինստիտուտներից մեկում պատրաստվում էին կիրառել  ռադիոհաղորդման հարցերում, և հաղորդման անտենան պետք է տեղադրվեր ինքնաթիռի տակ։

Արմեն Ջրբաշյանը բազմաթիվ գիտական աշխատանքների և երկու մենագրությունների հեղինակ է։ Շվեյցարական «Բիրգ Հոյզեր» հրատարակչությունում շուտով լույս կտեսնի նրա 308 էջանոց մենագրությունը։

Հայ գիտնականի ներդրումը համաշխարհային գիտության մեջ բարձր է գնահատվել։ Նրա գիտական աշխատանքները թարգմանվել են և թարգմանվում են տարբեր լեզուներով։ Նրա պատրաստած գիտնականներնայսօր մեծ բուհերում են և աշխարհի տարբեր երկրներում։ Նրա հետազոտություններով են առաջնորդվում աշխարհի շատ գիտնականներ, և մեր երկիրը նրանով հպարտանալու իրավունք ունի։

Back to top button