ԿարևորՀասարակություն

Արարատի վերելքի ուղին մեկն է, ճամփաները՝ տարբեր. Շահան Ջեբեջյան

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Երեւի թե չկա մի հայ, որի մտքով գոնե մեկ անգամ չի անցել Արարատի գագաթին լինելու գաղափարը:

Այդ միտքը գուցե շատերի մոտ ծնվում է մեկ անգամ ու այդպես էլ մահանում, ոմանց մոտ այն մնում է անհաս, հեռու, ինչ-որ երազանք, ոմանք անցնում են վերելքի ճանապարհով ու հասնում բիբլիական գագաթ: Արարատի վերելքի ուղին  մեկն է, ճամփաները՝ տարբեր:

Ամերիկյան համալսարանի շենքերի շահագործման տնօրեն Շահան Ջեբեջյանի ճամփան հազարավորներից մեկն է:

«Չեմ ամաչում ասել, որ վերջին 20 մետրը լացում էի»,- Շահան Ջեբեջյանը, որ մի քանի շաբաթ առաջ է Արարատի գագաթին եղել, այսպես է նկարագրում իր վերելքի վերջին մի քանի մետրը:

Մեկ տարի ամեն առավոտ Արարատին նայելիս վազել է, ֆիզիկապես իրեն պատրաստել վերելքին: Դժվար ու հեշտ պահեր են եղել, ինչ խոսք: Թե՛ դժվար, թե՛ հեշտ պահերն են օգնել, որ Շահանը կանգնի Արարատի գագաթին:

«Ամենակարեւոր բաներից մեկը, միտքն է: Մեր գիդ Տիգրանն ասում էր, որ գալիս է մի բարձրություն, որից հետո էստեղով ես բարձրանում: Մարմինդ կարող է գոռալ, մկանները ցավել, կապ չունի, եթե միտքդ կա, պիտի բարձրանաս»,- էստեղով ասելիս, Շահանը ցույց էր տալիս ուղեղը, որ վերելքի ամենակարեւոր շարժիչ ուժն է:

Միասին՝ Արարատի գագաթին

Գագաթը՝ մի գիծ

 «Սառույցը հավաքվում ու մի գիծ է գծվում, հենց այդ գծի վրա էլ կանգնում ես: Կողք կողքի կարելի է 30-40 հոգով այդ մեկ գծի վրա կանգնել»,- ասում է Շահանը:

Հուլիսի 26-ի առավոտյան 5:50-ն էր, որ Շահանը կանգնեց Արարատի գագաթին: Ասում է՝ ամենադժվարն այն 14-ժամանոց ճանապարհն է, որ տանում է մինչեւ Մասիս:

Հետո գալիս է առաջին ու երկրորդ ճամբարները հաղթահարելու պահը: Հայտնվում ես 4200 մետրի վրա: Կեսգիշերին սկսվում է վերջին՝ ամենադժվար վերելքը:

«Երկրորդ ճամբար բարձրացողն արդեն գիտի՝ կարո՞ղ է շարունակել ճանապարհը, թե՞ ոչ: 12:30-ից վերելքը սկսում ենք, առանց դադարի, լապտերներով: Վերջին մի քանի մետրը լացում, գոռում ես: Բոլորը գոռում են»,- հիշում է Շահանը:

Շահանն իրենց բախտավոր է համարում՝ գագաթից Արարատյան դաշտն են տեսել, եղանակը պարզ է եղել: Մշուշի, ամպերի տակից՝ Երեւանն է երեւացել: Հեռվում, բայց երեւացել է:

Արարատյան դաշտը՝ Արարատից

Վերելքից ներքեւ՝ փոխված

Արարատի գագաթ Շահանենց խումբը բարձրացել է երեք, իջել՝ մեկ օրում, գագաթում մնացել են ընդամենը 15 րոպե: Շտապել են, որ հասցնեն Վան այցելել:

Արդեն Երեւան հասնելուց հետո ու Արարատին նորից՝ Արարատյան դաշտից նայելով, Շահանն ինքն իրեն մտածում է. «Ի՞նչ էր ինձ համար կարեւոր այս ուղեւորությունից։ Սկսեցի վերհիշել բոլոր այն սարերը, որոնք բարձրացել եմ մինչեւ Արարատը: Ասացի՝ ուրեմն ինչքան մեծ պատասխանատվություն է այս  ամենը պահելը: Մեկ օր հետ է գալու Արարատը, այո՛, բայց հիմա՝ այս պահին, ունեցածը պահելն է կարեւոր»:

Շահանի վերելքի ուղին մեկն է այն հազարավորներից, որ տեսել է Արարատը, այս լեռան համար գուցե արդեն սովորական դարձած, բայց անսովոր բոլոր նրանց համար, ովքեր որոշում են անպայման անցնել դեպի վերելք տանող Արարատի բիբլիական ճանապարհով:

Back to top button