ԿարևորՄշակույթ

Ի՞նչ է «թաքցնում» Հանրապետության հրապարակը

Ալիսա Գևորգյան
«
Ռադիոլուր»

Ո՞վ կպատկերացներ՝ Հանրապետության հրապարակի գորգի տակ մի ամբողջ քաղաք է։ Քաղաքը բացվեց ու փակվեց 2003 թվականին։ Ուսումնասիրության ընդամենը  10-12 օրերին հնագետներն այստեղ հայտնաբերեցին երկհարկանի  ու եռահարկ շենքերի նկուղներ, հնագիտական հարուստ նյութ, որը հերքում էր գավառական Երևանի մասին կարծրատիպը։ Հրապարակում ուսումնասիրություն կատարած երեք հնագետներից  մեկը Ֆրինա Բաբայանն էր։ Մեզ հետ զրուցում հենց նա էլ գաղտնազերծում է Հրապարակի թաքնված գանձը։

Ամեն ինչ սկսվեց 2003 թվականին Լինսի հիմնադրամի միջոցներով  Հանրապետության հրապարակում իրականացված  շինաշխատանքներից։ Տարածքը փորելիս բանվորները դեմ էին առել պատնեշի։ Ակնհայտ էր, որ գործ ունեն հնագիտական նյութի հետ, ուստի այն ուսումնասիրելու նպատակով  հրավիրեցին հնագետների։

 Հրապարակի տարածքն ուսումնասիրել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի երեք գիտաշխատողներ՝ Միջին դարերի հնագիտության բաժնի ղեկավար Գրիգոր Կարախանյանը, Աղավնի Ժամկոչյանն ու Ֆրինա Բաբայանը։

Հատկացված ժամանակը չափազանց սուղ էր, ընդամենը 10-12 օր ենք աշխատել, բայց հայտնաբերված նյութը չափազանց  հետաքրքիր էր՝ պատմում է Ֆրինա Բաբայանը․

«Հանրապետության հրապարակի տակ 1679 թվականի երկրաշարժից ավերված երկահարկանի և եռահարկ տների նկուղներն են, որոնք հրաշալի պահպանվել են»։ 

Այս տարածքը ժամանակին նկարագրել է  ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն, որը 1655 թվականին այցելել է Երևան ու գծագրել  քաղաքը։ Հրապարակի տարածքում եղել են հիմնականում երկհարկանի  ու եռահարկ շենքեր։ Որոշ տեղեկությունների համաձայն, տարածքը կոչվել է «Քրիստոնեական թաղամաս»։  Ինչպես նշեց Ֆրինա Բաբայանը, ամեն ինչ ավերվել է 1679 թվականին Երևանում տեղի ունեցած երկրաշարժից, որի մասին Զաքարիա Սարկավագն իր հուշերում գրում է՝ քարը քարի վրա չի մնացել։

 Երկրաշարժի հետևանքով բազմաթիվ կառույցներ կործանվել են, հայտնի կառույցների մեծ մասը վնասվել։ Այդ թվում՝ Երևանի բերդը, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, Կաթողիկեն, Սուրբ Զորավար Աստվածածին եկեղեցին և Գեթսեմանի մատուռը։ Մոտակա Քանաքեռ գյուղն ամբողջությամբ ավերվել է։ Խոյահարել է նաև Գառնու հեթանոսական տաճարը, յոթուկես հազարից ավելի մարդ է զոհվել։ Վերադառնալով  հրապարակի հնագիտական շերտին՝ տիկին Ֆրինան ընդգծում է. 

«17-րդ դարում ընդունված էր շինությունները սարքել աղյուսներից։ Երբ հրապարակի տարածքի աղյուսները վերցնում էինք, զգում էինք, որ ծանր են, իսկ աղյուսը թեթև է։ Պարզվեց, որ այդ տները մարդիկ կառուցել են ոչ թե աղյուսից, այլ հավասարաչափ կտրտված տուֆի սալիկներից»։ 

Երկրաշարժից ավերված շինությունների նկուղներն ընդգրկում են հրապարակի ամբողջ տարածքը։ Կառույցները պահպանվել են ամբողջությամբ՝ մուտքերով։   Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել են գունազարդ խեցեղեն, աշխատանքային գործիքներ, ջրատար խողովակներ։ 

Ինչպես ժամանակին, այնպես էլ հիմա հնագետներն այն կարծիքին են, որ 16-17-րդ դարերի ճարտարապետության այս հետաքրքիր նմուշը պետք էր բաց պահել և այն ցուցադրելու ինչ-որ կերպ գտնել, օրինակ ապակու տակ։ Ֆրինա Բաբայանի խոսքով, սա կհերքեր նաև տարածված այն կարծիքը, թե Երևանը անշուք ու գավառական մի քաղաք է եղել:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է ձևավորվել գավառական Երևանի մասին կարծրատիպը․ հարցին Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի միջնադարյան Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Հուսիկ Մելքոնյանն ունի իր պատասխանը.

«Թեև 20-րդ դարի սկզբին Հայաստանը բաժանված էր մի քանի երկրների միջև, բայց ուներ ծաղկուն ու բարեկեցիկ բազմաթիվ քաղաքներ՝ Վան, Կարին, Ախալքալաք և այլն։ Դրանց կողքին Երևանն իրոք փոքրիկ ու գավառական քաղաք էր թվում»։

 Մելքոնյանի խոսքով՝ Երևանն ավելի ընդարձակվեց ու քաղաքի տեսք ստացավ 1860-ականներին, երբ պարսկական տիրապետությունից Հայաստանն անցավ  ցարական Ռուսաստանի տիրապետության տակ։ 

1837 թվականին սկսվեց  Երևանի, այն ժամանակ՝ Էրիվանի նոր նախագծի գծագրումը, որը հաստատվեց 1862 թվականին: Հենց այդ ժամանակ էլ կառուցվեց քաղաքի հրապարակը, որի տակ անցան 2003-ին հայտնաբերված  շինությունները: Այդ շրջանում են  կառուցվել նաև  այսօրվա Արամի, Մաշտոց, Տերյան, Նալբանդյան և Հանրապետության փողոցները: Հնագետները համոզված են՝   պեղումներ իրականացնելու դեպքում այս փողոցներում ևս կգտնեն  նույն  պատկերը, ինչ հայտնաբերեցին Հանրապետության հրապարակում։

Back to top button