Հասարակություն

Սոնա Վան. Մարդու թիվ մեկ պարտականությունը երջանիկ լինելն է

«Ազատությունն ու անկախությունն արժևորվում են միայն այն ժամանակ, երբ երջանիկ է մարդու հոգին: Հակառակ դեպքում՝ դրանք ընդամենը վերացական գաղափարներ են»,-այսպես է մտածում ամերիկահայ բանաստեղծուհի, հրապարակախոս Սոնա Վանը:

Նա Երևանում է, և առիթից օգտվելով՝Ռադիոլուրը բանաստեղծուհու հետ զրուցել է «Լիբրետո անապատի համար» գրքի շուրջ, որն արդեն թարգմանվել է աշխարհի 18 լեզուներով ու ջերմ ընդունելության արժանացել օտար ընթերցողի կողմից:

Զրույցի առանցքում, սակայն, մարդն է, որի թիվ մեկ պարտականությունը, ըստ բանաստեղծուհու, երջանիկ լինելն է:

Հաճախ է լինում Երևանում, հատկապես աշնանը, և հիմնականում՝ որևէ գրքի ծննդյան առիթով: Ասում է, որ շրջագայությունների սիրահար է, բայց այս տարի դրանց աշխարհագրությունն անհամեմատ լայն  էր:

Վրաստան, Չինաստան, Աֆրիկա,  Գերմանիա, ԱՄԷ, այս օրերին էլ Հայասատանում Սոնա Վանը ներկայացնում է «Լիբրետո անապատի համար» գիրքը, թեման՝ ցեղասպանությունն է:

Սոնա Վանի բնորոշմամբ՝ եթե գիրքը նոր շերտ չի ավելացնում ճանաչողության գործընթացին, դառնում է պարզապես խրոնոլոգիա:

«Լիբրետո անապատի համար» գիրքը ոչ թե մեղադրանքների համատեքստում է, այլ մարդուն հոգեբանական վերլուծության ենթարկելու: Բանաստեղծուհու համոզմամբ՝ յուրաքանչյուրիս մեջ ապրող դև կա, և նրան վարժեցնելու,  քաղաքակրթելու և ճիշտ ուղղությամբ տանելու խնդիր ունի մարդ արարածն ընդհանրապես: Ցեղասպանություններն առհասարակ այս հարցում ձախողելու արդյունք են:

Սոնա Վանի տարողունակ խոսքի առանցքը մարդն է, որի էվոլուցիոն ճանապարհը նրան առանձնապես չի ոգևորում:

«Սա պետք է մտահոգի մտածող յուրաքանչյուր արարածի, որովհետև հոգու հիմնական նպատակը, ի վերջո, երջանիկ լինելն է: Մինչդեռ՝ մարդու երջանկության գաղափարը  քաղաքական գործիչները մղել են կյանքից  դուրս, որպես ճոխություն, իսկ կրոնն այն մղել է հետմահու տարածք»,-ասում է բանաստեղծուհին, ում խորին համոզմամբ երջանկությանն ունակ ու արժանի է հատկապես հայ մարդը, ով իրավամբ վաստակել է երջանիկ լինելու իրավունքը

«Երջանկության վախ ունեն հատկապես հայ կանայք, մինչդեռ կնոջ հիմնական պարտականությունը հենց երջանիկ լինելն է»,-բանաձևումը դարձյալ Սոնա Վանինն է:

Սոնա Վանի բանաձևումներից ևս մեկը. «Ազատությունն ու անկախությունն արժևորվում են միայն այն ժամանակ, երբ հոգին երջանիկ է: Հակառակ դեպքում՝ դրանք ընդամենը վերացական գաղափարներ են»:

Back to top button