Մշակույթ

Ռեժիսորի կարճատեւ «անժամկետ» հացադուլը

«Ո՞վ գողացավ «Չնչիկին», «Մաքրեք արվեստը բյուրոկրատիայից».  նման բովանդակությամբ ցուցապաստառներով ռեժիսոր Արամ Շահբազյանն այսօր առավոտյան ժամը 8-ից մշակույթի նախարարության շենքի մոտ անժամկետ հացադուլ էր հայտարարել:

Լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ  հացադուլի միջոցով փորձում է մշակույթի նախարարության  ուշադրությունը սևեռել «Չնչիկի»՝ տարիներ շարունակ ձգձգվող ու ավարտին չհասնող պատմության վրա:

Անժամկետ հացադուլը, սակայն, շատ կարճ է տևել, քանի որ մշակույթի նախարարությունից ակնկալվող ուշադրությունը ամենևին չի ուշացել:

 

Ռեժիսոր Արամ Շահբազյանն այսօր հացադուլ էր սկսել մշակույթի նախարարության  շենքի մոտ, պատճառը նրա «Չնչիկ» ֆիլմն էր, որի արտադրությունը ռեժիսորը  սկսել է տասը տարի առաջ, սակայն հանրությանն այն առ այսօր հայտնի է միայն ֆիլմի անունը: Վաղ առավոտյան ռեժիսորի հետ գրեթե նույն ժամին նախարարության շենքի մոտ հավաքված  լրագրողներին  Շահբազյանը պարզաբանեց.

«2017-ի հոկտեմբերին  Ազգային կինոկենտրոնի  գեղարվեստական խորհրդի  կողմից  մեկ անգամ ևս  քննարկվել է «Չնչիկ» ֆիլմը և որոշում է կայացվել ֆինանսավորել ֆիլմի  հետարտադրական ծախսերը և ավարտել ֆիլմը: 2018-ին նախարար Արմեն Ամիրյանի կողմից հանձնարարվել է սկսել ֆիլմի հնչյունային աշխատանքները՝ հավաստիացմամբ, որ ֆիլմի ֆինանսավորման հարցերը զուտ տեխնիկական են: 2018-ի մայիսին Արմեն Ամիրյանը, հայտնի պատճառներով, հրաժարարակ տվեց, և հիմա «Չնչիկ» ֆիլմը կրկին ներկայացրել են հանձնաժողովի քննարկմանը»:

«Իրականում իմ ֆիլմը ընդհանրապես չպետք է ներկայացվեր այդ հանձնաժողովի քննարկմանը, որովհետև արդեն կար որոշում և սկսված գործընթաց»,-ասում է Շահբազյանը՝ նշելով, որ  հացադուլի միջոցով փորձում է մշակույթի նախարարության  ուշադրությունը սևեռել «Չնչիկի»՝ տարիներ շարունակ ձգձգվող ու ավարտին չհասնող պատմության վրա:

Մշակույթի նախարարության՝  ակնկալվող ուշադրությունը չուշացավ. աշխատանքի ներկայանալուց անմիջապես հետո նախարար Լիլիթ Մակունցը մոտեցավ Արամ Շահբազյանին ու հրավիերց նրան  աշխատասենյակ՝ զրուզելու: Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպումից հետո նախարար  Մակունցն ու Արամ Շահբազյանը լրագրողներին ներկայացան պարզաբանումներով.

«Պարոն Շահբազյանի հետ պայմանավորվեցինք, որ հացադուլը դադարեցնում է, որովհետև մենք հակառակ բևեռներում չենք և կոչված ենք լուծելու այն խնդիրները, որոնք տասնյակ տարիներ լուծում չեն ստացել: Ես տեղեկացա, որ «Չնչիկ» ֆիլմն   ընդհանրապես հանձնաժողովի քննության առարկա չպետք է դառնար.  կինոկենտրոնն  արդեն իսկ խոստացել էր, որ ֆիլմը  նկարահանվելու է, ու գումար է տրվելու հետարտադրական աշխատանքների համար, ընդ որում,  դա եղել է որոշում  և ոչ թե բանավոր պայմանավորվածություն, ուստի անհասկանալի է, թե ինչու է այն ներկայացվել հանձնաժողովի քննարկմանը: Ես կհանդիպեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ  եւ կստանամ այդ հարցի վերաբերյալ  պարզաբանում»:

Արամ Շահբազյանն ասաց, որ նախարարության պատասխանն իրեն գոհացնում է. «Կարողացա մանրակրկիտ պատմել, թե ինչ խնդիր կա, ու վստահ եմ, որ գործընթացը թափանցիկ ձևով է իրականացվելու»,-ասաց ռեժիսորը՝ դադարեցնելով հացադուլը:

Back to top button