Հասարակություն

ՊՆ-ից մինչեւ Ազգային արխիվ. բացահայտումները շարունակվում են

լրացված 17.40

Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունն իր ուսումնասիրություններն սկսելու է պաշտպանության նախարարությունից եւ դիտակետում միայն գնումներին ոլորտը չի լինելու։

Այսօր սրա մասին հայտնել է ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ կառավարության նիստից հետո։ Ուժային կառույցների ղեկավարները շարունակում են պնդել՝ Հայաստանում օրենքի առաջ բոլորն են հավասար, ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ:

Հենց այս համատեքստում են բացատրում նաեւ վերջին օրերի աղմկահարույց բացահայտումները։

Բացահայտումներ, ուսումնասիրություններ, խուզարկություն ու ոչ միայն. Նիկոլ Փաշինյանի կառավարության ձևավորումից հետո հասարակությունը գրեթե ամեն օր ականատես է լինում ցնցող որևէ բացահայտման: Դրանց հիմնական, այսպես ասենք,  հեղինակը ԱԱԾ- ն է: Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյան. «Այս պահին բան չունեմ պատասխանելու»:

Ոստիկանության ու ԱԱԾ-ի միջև հակասություններ չկան՝ պնդում է Վանեցյանը եւ պարզաբանում.
«Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրականացնում են օրենքով իրենց վերապահված գործառույթները»:

Այլ ձևակերպմամբ, սակայն նույն միտքը նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանն է կրկնում:  Շարունակում են աշխատել: Ինչ էին փնտրում «Սիքյուրթի Դրիմ»-ում հարցին պատասխանում է՝

«Չարաշահումների մասին է: Օպերատիվ տեղեկություն բառը հենց հուշում է, որ դրանք ենթակա չեն հրապարակման»:

ՀՀ-ում յուրաքանչյուրը պետք է օրենքին ենթարկվի՝ ասում է ոստիկանապետը, քերական հեղինակություններն էլ բացառություն չեն՝ ավելացնում է.

«Քերական հեղինակությունները նույնպես մարդիկ են, ՀՀ քաղաքացիներ, ունեն իրավունքներ ու պարտականություններ: Անկախ ամեն ինչից, ցանկացած ոք ՀՀ-ում պետք է օրենքին ենթարկվի: Մեզ համար մոտեցումը հետևյալն է՝ օրենքի առջև բոլորը հավասար են»:

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ  Սանասարյանն էլ  որոշ փակագծեր բացում է՝ ուսումնասիրությունը կսկեն ՊՆ-ից, դիտակետում միայն գնումների ոլորտը չէ:

«Հենց հաշվի առնելով, որ առաջնագծում խնդիր ունենք` պետք է թիկունքը ճիշտ կազմակերպվի, թիկունքում խախտումներ, հանցագործություններ չլինեն: Մենք ուզում ենք՝ նախարարը մաքրված անցնի գործի և չլինեն այն մտահոգությունները, որ թիկունքում արվել են շատ խախտումներ: Մենք ոչ թե վնասելու, ինչ-որ մեկին բան ապացուցելու ենք գնում, այլ գնում ենք մեր ինֆորմացիայով և այն մսխումները, որ տեղի են ունեցել, վերադարձվեն բյուջե»:

Հարցին, թե եթե ՊՆ-ում նախկինում կատարված չարաշահումներ բացահայտվեն, արդյո՞ք այդ առումով պատասխանատվության իր բաժինը չի ունենալու ներկայիս նախարարը, որը նախկինում եղել է պաշտպանության փոխնախարար Դավիթ Սանասարյանը հստակեցրեց՝ Դավիթ Տոնոյանի հետ որևէ խնդիր չունեն:

«Եթե այս փոփոխություններից հետո պետք է նայենք, որ այս նախարարը մեր ընկերն է, բարեկամն է, ապա ինչի՞ համար են այս փոփոխությունները։ Եթե իմ հեղափոխական ընկերների կառույցներում կլինեն թերացումներ, օրինախախտումներ, ապա իմ ընկերները ավելի մեծ պատասխանատվություն ունեն, քան՝ մյուսները»։

Չարաշահումներ հայտնաբերվել են կառավարության որոշմամբ արտոնություններ տրամադրված ընկերություններում նաև: Դրա մասին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան է  խոսում.

«Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հետ կապված վերահսկողություն է սկսել այս ուղղությամբ: Նախնական արդյունքներով՝ ունեցել ենք ոչ քիչ թվով այսպիսի արտոնություններից օգտված ընկերություններ, որոնք սահմանված ժամկետը լրանալու պահին կամ դրանից որոշ ժամանակ առաջ սնանկ են ճանաչվել: Ի հայտ է եկել չարաշահումների խնդիր, և այս ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են: Ներկա դրությամբ մոտ 8 ընկերության մասին այդպիսի տեղեկություններ կան»:

Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ  է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: Նա Ազգային արխիվի աշխատակիցներից է ստացել նամակ, որտեղ չարաշահումների մասին մտահոգություններ են եղել: Մոտ մեկ ամիս աշխատել են ու ի հայտ եկած տվյալների հիման վրա երեկ ՀՀ գլխավոր դատախազին է  դիմել: Այսօր նախարար Պապիկյանը  հայտարարեց՝

«Արդյո՞ք  արխիվի աշխատակիցները տեղյակ են, որ օրինակ հաշվապահը կարող է ստանալ 650 հազար դրամ հավելավճար, երբ իրենք ստանում են 60-80 հազար դրամ աշխատավարձ: Սա ինձ մոտ խնդիր է  առաջացնում: Ի պաշտոնե, ես պարտավոր եմ իմ մոտ եղած մտահոգությունները հայտնել իրավապահ մարմիններին»:

Իրավապահ մարմիններն իրենք կորոշեն արդյո՞ք դա քրեական պատասխանատվություն է, թե՝ ոչ:

Back to top button