Հասարակություն

Փաշինյանը կոչ է արել ապրիլի 16-ին փակել փողոցներն ու կամուրջները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը, որը պետք է մեկնարկի երկուշաբթի՝ ապրիլի 16-ին, առավոտյան ժամը 08։15-ից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մասնավորապես՝ նա ասել է, որ ապրիլի 16-ին՝ ժամը 08:15-ից պետք է արգելափակել Դավթաշենի, Հաղթանակի, Կիևյանի կամուրջները, թողնել մեքենաներն այնտեղ և ոտքով շարժվել դեպի Ազգային ժողովի շենք։

Ընդդիմադիր գործիչը նաև կոչ է արել քաղաքացիներին բանկերից իրենց գումարները կանխիկացնել, ինչպես նաև դասադուլ և գործադուլ հայտարարել։

«Մարդիկ աշխատանքի չեն գնում, որովհետև քաղաքում խցանում է, մարդիկ չեն գնում աշխատանքի, մարդիկ գալիս են Ազգային ժողով։ Երիտասարդները կարող են տրոլեյբուսների շտանգաներն իջեցնել, ավտոբուսների առաջ պառկել, ոչ մեկին չվիրավորել, ներողություն խնդրել անհարմարությունների համար։ Ուսանողները հայտարարում են դասադուլ, դպրոցականները հայտարարում են դասադուլ, խցանումներ են, երեխեքին իզուր դպրոց չտանեք, որ խցանումների մեջ չընկնեն, երեխաներին թողեք տանը, ուսուցիչները թող քայլելով գան Ազգային ժողով», — հայտարարել է Փաշինյանը:

Back to top button