Քաղաքական

«Ե՛ւ-ե՛ւ»-ն աշնանն են հաշվում


Արդյո՞ք Հայաստանն իրականում դարձավ այն եզակի երկիրը, որին հաջողվեց ոչ միայն կիրառել «եւ…եւ»-ի քաղաքականությունը, այլեւ՝ օգտվել դրա տնտեսական բարիքներից:

«Ռադիոլուր»-ի զրուցակիցները պարզաբանում են, որ դեռեւս լուրջ կանխատեսումներ չեն արվել՝ հնարավոր ակնկալիքները պարզելու համար:

Մոտավոր կանխատեսում են, որ «եւ…եւ»-ի քաղաքականությունից հաջորդ տարի կարող է շահել հայաստանյան տնտեսության երեք ճյուղ՝ վերամշակող արդյունաբերությունը, սննդամթերքի ոլորտը եւ ռազմաարդյունաբերական համալիրը։

 

Տնտեսական աճի մասին տարեվերջյան բոլոր թվերը եւ հրապարակումները երբեմն ընդունելի չեն հասարակության մի հատվածի համար զուտ այն պատճառով, որ շարքային քաղաքացին, այսպես ասենք, իր մաշկի վրա դեռեւս չի զգում որեւէ դրական տեղաշարժ: Մասնագետներն ասում են՝ տնտեսական աճը զգալի կլինի, եթե հասնի առնվազն 7 տոկոսի, այդպիսի հեռանկարներ էլ կան հաջորդ տարվա համար:

Այս տարի նախադրյալները ստեղծվել են, բայց անհրաժեշտ է ճիշտ օգտագործել դրանք, լուծել մի քանի «եթե»-ների հարցը, որոնցից մեկն էլ կոռուպցիայի խնդիրն է: ԵԱՏՄ-ի շրջանակներում առաջնային խնդիրը հենց դա է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը:

Ահա այսպիսի պայմաններով ենք մուտք գործել ԵԱՏՄ եւ փորձում ենք ինտեգրվել ԵՄ: Փորձում ենք սա ներկայացնել իբրեւ հաղթանակ, բայց պարզվում է՝ անհրաժեշտ հաշվարկներ էլ չկան այդ առումով:

Ի դեպ, հենց այս փաստը նաեւ օգտագործեց Ռուսաստանը քարոզչական օգուտներ քաղելու համար: 2013-ից հետո իրավիճակ եւ պայմաններ փոխվեցին եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններում այս տարի հաջողություններ գրանցելուց հետո այժմ Վրաստանին եւ Ուկրաինային ցույց է տրվում, թե այլ կերպ՝ ավելի խելացի կարելի էր վարվել, ինչպես օրինակ՝ Հայաստանը:

Խնդրի այս կողմի վրա ուշադրություն է հրավիրել Անգլիայի Լեսթերի համալսարանի գիտաշխատող, ամերիկյան Ջեյմսթաուն հիմնադրամի անկախ վերլուծաբան Էդվարդ Աբրահամյանը՝ Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդաշարի ընթացքում: «եւ… եւ»-ի քաղաքականություն չի կարող լինել, ասում է վերլուծաբանը՝ համենայնդեպս, տվյալ իրավիճակում:

«2013-ը ցույց տվեց, որ կոմպլիմենտարիզմ գոյություն չունի»:

Ամեն դեպքում՝ ԵՄ հետ ստորագրած փաստաթուղթը Էդվարդ Աբրահամյանի համոզմամբ՝ դրական հետեւանքներ ունի: Հայաստանը թարմացրեց ԵՄ հետ համագործակցության իրավաքաղաքական պլատֆորմը, որը չէր թարմացվել 20 տարուց ավելի:

Ինչ կարող է մեզ տալ 2018-ը՝ հարցի պատասխանը տնտեսագետները կկարողանան տալ միայն փետրվարի կեսից: Երկու խումբ՝ պրոֆեսորներ Աշոտ Թավադյանի եւ Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ, կուսումնասիրեն ոլորտը եւ կանեն որոշ կանխատեսումներ:

Հայաստանի համար այս պահին ակնհայտ է միայն մեկ իրողություն՝ առանց Արեւմուտքի եւ առանց ռուսական ներդրումների ուղղակի մեծ կամ նոր զարգացում Հայաստանում չի կարող լինել: Հետեւաբար՝ 2018-ը այն տարին է, երբ կարող է նախանշվել հայաստանյան տնտեսության կառուցվածքը:

Back to top button