Հասարակություն

Հայկական եկեղեցին ու նրա հնդիկ սպասավորը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

2014 թվականի հոկտեմբերի 1-5-ը  Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը  անդրանիկ  հովվապետական այց է կատարել  Մյանմարի Միության հանրապետություն: Մայր Աթոռի Դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների  գրասենյակի պատասխանատու  Տեր Պարույր քահանա  Ավետիսյանն այսօր տեղեկեցրել է , որ հայոց վեհափառը ջերմ ընդունեության է արժանացել տեղի իշխանությունների կողմից: Նա ունեցել է տարբեր հանդիպումներ, այդ թվում նաև տեղի փոքրաթիվ  հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում կարծեք լուծվել է նաև Ռանգունի Սուրբ  Հովհաննես Մկրտիչ  հայկական եկեղեցու խնդիրը, որտեղ հայտնվել էր ինքնակոչ քահանա՝  ծագումով հնդիկ սևամորթ Ջոն Ֆելիքսը, որի մասին Մայր աթոռում գաղափար անգամ չունեին:

 

Պատմական Բիրմայի թագավորությունում հայերը հայտնվել են  16-րդ դարում: Կան պատմական տեղեկություններ, որ բարձաստիճան զինվորականների շրջանում եղել են հայեր, բայց միապետությունում հայերի զբաղմունքը մասնավորապես առևտուրն էր: 16-17-րդ դարերում Բիրմայում կառուցվել են հայկական եկեղեցիներ, որոնցից  միակ կանգունն այժմ Ռանգունի  սուրբ Հովհաննես Մկրտիչ  եկեղեցին է: Այն որը վերջերս ավելի հայտնի դարձավ իր ինքնակոչ քահանայով:

Ծագումով հնդիկ սևամորթ Ջոն Ֆելիքսը 2012 թվականից եկեղեցում իրականացնում էր հոգևոր ծառայություններ: Մայր Աթոռի Դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների  գրասենյակի պատասխանատու  Տեր Պարույր քահանա Ավետիսյանն այսօր նշեց, որ Ջոն Ֆելիքսի մասին Մայր աթոռում գաղափար անգամ չեն ունեցել,  այն պատճառով , որ այնտեղ հայ հոգևորական չունենք, քանի որ Մյանմարն, ըստ քահանայի, բավականին փակ երկիր է:

«Ջոն Ֆելիքսի հայրը՝ ավագ Ֆելիքսը եղել է անգլիկան եկեղեցու քահանա և երկար տարիներ ծառայել է հայկական եկեղեցում որպես հոգևորական: Հոր մահից հետո նա որոշել է հայկական եկեղեցում տեր  ու տիրական դառնալ և խաբեությամբ արժանացել է այնտեղ ծառայություններ մատուցելու պատվին, մինչև այն պահտ, երբ Հայոց վեհափառն այցելեց Մյանմար»:

Հոկտեմբերի 1-5-ը Մյանմարի Միության հանրապետություն՝ պատմական ՝Բիրմայի թագավորություն կատարած իր անդրանիկ հովվապետական այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արժանացել է ջերմ ընդունելության, չնայած, ինչպես նշում է քահանան, Մյանմարում շատերը Հայաստանը բացահայտել են միայն վեհափառի այցից հետո: Անակեղծորեն զարմացել են՝ լսելով Ռանգունի հայկական եկեղեցում ստեղծված պատմությունը:

Ինչևէ, տեղի իշխանությունների և հայկական փոքրաթիվ համայնքի ներկայացուցիչների հետ վեհափառի հանդիպումների արդյունքում խանդիրը, կարծեք, լուծվել է. «Վեհափառ հայրապետի որոշմամբ  Ռանգունի հայկական եկեղեցում որպես հոգևոր հովիվ կծառայի Տեր Զավեն աբեղա Յազիճյանը, ով Կալկաթայի մարդասիրական ճեմարանի կառավարիչն է և հնդկահայոց հոգևոր հովիվը, բայց համատեղության կարգով կայցելի նաև Ռանգունի և պատարագներ կմատուցի հայկական եկեղեցում»:

Հավելենք , որ այցի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը պատարագ է մատուցել Ռանգունի Սուրբ  Հովհաննես Մկրտիչ  եկեղեցում ու վերաօծել խորանը:

 

 

Back to top button