ԿարևորՔաղաքական

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ. ականատեսների վկայություն

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երեկ կեսգիշերին  մոտ՝ 23.30 –ի  սահմաններում Պարույր Հայրիկյանի դուստրը՝ Նարե Հայրիկյանը,  դրսից  ինչ-որ ձայներ է լսում, մոտենում է  պատուհւանին ու շքամուտքի մոտ տեսնում հորը , ում ձեռքից հենց այդ պահին  պայուսակը վայր է ընկնում։
«Անմիջապես մենք վազեցինք շքամուտք, տեսանք, որ վայր է ընկել, ամբողջովին արնաշաղախ: Հարևանները շտապօգնություն զանգարահեցին, բերեցինք հիվանդանոց: Հայրիկն անգիտակից էր, միայն հարցնում էր՝ երա՞զ է սա, թե՞ իրականություն»,- պատմում է դուստրը։
Պարզվեց՝ իրականություն է, Պարույր Հայրիկյանին հրազենային վնասվածքով  տեղափոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան  այսօր առավոտյան 10.30 վիրահատեցին, շուրջ մեկ ժամ տևած վիրահատությունից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության գծով  փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը փոխանցեց, «հեռացվեց գնդակը, որը գտնվում էր աջ արմունկային փոսի փափուկ հյուսվածքներում, վիրահատությունն անցել է լավ, հիվանդի վիճակը քնատ է, մի քանի ժամից ինքը լրիվ կարթնանա»:
Հիվանդը ցավեր չունի, արյան ճնշումը նորմալ է, վերակենդանացման բաժանմունքում   դեռ երկու-երեք օր   հսկողության տակ կմնա, ամբողջական ապաքինում սպասվում է  յոթից տասը օրվա ընթացքում, ասաց բժիշկը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում  երեկվանից չի դադարում  քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների ու  միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հոսքը: Սա այն դեպքն է, երբ բոլորը միաձայն պնդում են՝  Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը հարված էր մեր պետությանը:
«Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այս հանցագործությունն ուղղված էր մեր պետության, պետականության դեմ, և ես համոզված եմ, որ մեր իրավապահ մարմիններն անպայման փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի բացահայտեն»,- հիվանդանոցում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խմբակցության անդամներ Սամվել Նիկոյանը, ավելի վաղ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը  ևս այցելեցին Պարույր Հայրիկյանին:
Խոսրով Հարությունյանը   նշեց, որ կատարվածը  սադրանք էր, որի հեղինակները  կարող  են լինել և ներքին, և արտաքին ուժերը:
ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար  Վարդան Օսկանյանն ու նույն խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեցին որևէ  վարկած առաջ քաշելուց։
«Այն, ինչ  կատարվել է,  զարհուրալեի ու դատապարտելի է, երկու կարծիք սրա մասին չի կարող լինել։ Ես ընդամենը կարող եմ ասել, որ Հայաստանի մասին թեկուզ մի փոքր մտածող մարդը նման բան չէր կարող անել, որովհետև սա իսկապես հարվածում է Հայաստանի հեղինակությանը։ Որևէ մեկին, ես կարծում եմ , որ սա պետք չէր: Այնպես որ՝ սպասենք, որ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքն անեն, դրանից հետո երևի կպարզվի»,- ասաց Վարդան Օսկանյանը։

 

Թողնել պատասխան

Back to top button