ԿարևորՄշակույթ

Հայկական գորգի վերջին հարյուրամյակների պատմությունը՝ Պատմության թանգարանում

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հայաստանի պատմության թանգարանում այսօր բացվել է «Հայկական գորգարվեստ` XVII մինչև XIX դ.» խորագիրը կրող ցուցահանդեսը, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Ամենահին հայկական գորգերը գալիս են Վասպուրականից, Սյունիքից, Վանից:
«Հնագիտական, ազգագրական նյութերը, պատմական ու գիտական այլ իրողություններ վկայում են, որ գործվածքների և գորգերի արտադրության ակունքները Հայաստանում հասնում են հազարամյակների խորքերը»,- ցուցահանդեսի բացմանն ասել է թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը՝ ընդգծելով, որ հայկական գորգը կրում է իր մեջ հայկական մշակույթին բնորոշ բոլոր զարդանախշերը, որևէ այլ մշակույթին  բնորոշ որևէ տարր ընդօրինակված չէ:
Ցուցահանդեսում ներկայացված են հայկական գորգի դասական նմուշներ` ոճական բոլոր տարբերակներով, Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր տարածաշրջաններից: Ցուցահանդեսին ներկայացված 45 գորգերից 10-ն առաջին անգամ են ցուցադրվում:
Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի տեղեկացմամբ` ամենահին գորգը 16-17-րդ դարերի վիշապագորգն է, որը կարող է զարդարել աշխարհի ամենագեղեցիկ և ամենահարուստ թանգարանները։

Հայկական գորգին հատուկ հատկանիշը վարիացիայի հրճվանքն է հատկապես գույնի մեջ, և այս առումով ավանդապահ է ինչպես հայկական գորգը, այնպես  էլ հայկական գորգագործը, նկատում է Անելկա Գրիգորյանը:

Հայկական գորգարվեստին նվիրված ցուցահանդեսին զուգահեռ Հայաստանի պատմության թանգարանում այսօր բացվել է նաև  Հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Նոր Ջուղա. Հայոց տպագրության օրրան» ցուցադրությունը:
Ցուցադրության մեջ ներկայացված են Նոր Ջուղայում արված 17-րդ դարի ձեռագիր մատյաններ, Նոր Ջուղայի տպարանում տպագրված առաջին գրքերը, Մադրասում, Կալկաթայում հրատարակված հնատիպ գրքերի նմուշներ, Մադրասում հրատարակված հայերեն առաջին պարբերականը` «Ազդարարը» և Նոր Ջուղայի հոգևոր մշակույթին ու կենցաղին բնորոշ նմուշների ընտրանի։

Թողնել պատասխան

Back to top button