ԿարևորՄիջազգային

«Քվեարկեցի Օբամայի օգտին».քաղաքացիների կարծիքները Լոս Անջելեսից

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ

Առավոտյան ընտրատեղամասերի աշխուժությունն արդեն վկայում էր, որ ընտրողների ակտիվությունը ՄՆ-ի համապետական ընտրություններին բարձր է լինելու: Մարդիկ ընտրատեղամաս էին շտապում` իրենց քվեարկությամբ երկրի տնտեսությունը բարելավելու, առողջապահական և կրթական ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ակնկալիքով.«Սա ապագայի հարց է. թե ով կլինի հաջորդ նախագահը, դրանից իմ սեփական ապագան է կախված: Ակնկալում եմ, որ հաջորդ 4 տարիների ընթացքում շատ փոփոխություններ կտեսնենք, մենք դրանց կարիքն իրոք ունենք»,-ասաց ընտրողներից մեկը:
«Քվեարկեցի Օբամայի օգտին. Նա լավ վիճակում չէր ժառանգել երկիրը իր նախորդից`Բուշից, և ընդամենը 4 տարի ուներ շտկելու ամեն ինչ: Դա կարճ ժամանակ է: Նա ավելի խոստումնալից է, քան Ռոմնին, ում առաջարկներն ինձ դուր չեն գալիս», — նշեց մի երիտասարդ, ով առաջին անգամ էր մասնակցում ընտրության:

4 տարի առաջ, փոփոխությունների ակնկալիքով, նախագահի ընտրությանը մասնակցեց ամերիկացիների ավելի քան 65 տոկոսը: Այս անգամ, ըստ փորձագետների, մասնակիցերի թիվն ավելի մեծ է, քանի որ երկու թեկնածուների գրեթե հավասար վարկանիշները մարդկանց ստիպում են զգալ նույնիսկ մեկ քվեի կարևորությունը, որը կարող է հենց իրենց ձայնը լինել: «Կցանկանայի, որ երկիրը շարունակեր նույն ուղիով ընթանալ, որը ճիշտ եմ համարում: Մարդկանց ակնկալիքները շատ են, բայց դրանք իրականացնելու համար 4 տարին քիչ է. հուսամ` հաջորդ տարներն իրոք կբարելավեն ամեն մեկի կյանքը»,-ասում է կալիֆորնիացի մի ընտրող:

ՄՆ-ի արևմտյան ափի հայ համայնքը որպես կանոն, նույնպես ընտրությունների ակտիվ մասնակից է, հատկապես եթե կան հայ թեկնածուներ: Այս անգամ կային նահանգային խորհրդարանի աթոռի համար պայքարող հայեր: Հայ ընտրողներն այս անգամ քվեարկելու էին շտապում հանուն նրանց ընտրության, նշեց Գլենդեյլի քաղաքային խորհրդի քարտուղար Արտաշես Քասախյանը: Ընտրական ծախսերը կրճատելու համար ֆեդերալ ընտրությունների հետ միասին ամեն նահանգ կազմակերպում է նաև տեղական մարմինների և օրենդսրական փոփոխությունների քվեարկություն: Կալիֆորնիայում նոյեմբերի վեցին մարդիկ քվեարկեցին ոչ միայն հաջորդ նախագահին, Սենատի և Կոնգրեսի անդամներին, այլև գլխավոր դատախազին, նահանգային խորհրդարանի անդամներին ընտրելու և ֆեդերալ ու տեղական նշանակության մի քանի օրենսդրական փոփոխությունների համար: Դրանցից մեկով առաջարկվում է հարկերը փոքր-ինչ բարձրացնելու հաշվին ավելացնել կրթական ոլորտի ֆինանսավորումը, մեկ այլ նախագծով առաջարկվում է սննդամթերքի վրա անպայման նշում կատարել, եթե այն կրում է գենետիկական փոփոխություն: Լոս Անջելեսում ևս մեկ նախագիծ ընտրողներին առաջարկում է պոռնոաստղերին պարտադրել պահպանել անվտանգության կանոնները` սեռավարակներից խուսափելու համար: Եթե այս փոփոխությունների համար քվեարկելու էին շտապում խիստ որոշակի շերտերի մարդիկ, ապա քվեաթերթիկի գլխավոր կետը` նախագահի ընտրությունը, ընտրատեղամաս բերեց ՄՆ-ի քաղաքացիների մեծ մասին, ովքեր ցանկանում են իրենց ձայնով որոշել երկրի ու սեփական ճակատագիրը` նվազագույնը հաջորդ 4 տարվա համար:

 

Թողնել պատասխան

Back to top button