Մշակույթ

Հովհ. Թումանյանի տուն- թանգարանը դսեղցիների հպարտությունն է

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Դսեղցիների պարծանքն ու հպարտությունն է Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանը, որը տարեկան 10 հազար այցելու է ունենում։ Այն հիմնադրվել է 1939 թվականին՝ Թումանյանի ծննդյան 70-ամյակի առիթով։
Թումանյան գերդաստանից գրողի հայրական տանն այդ ժամանակ այլևս ոչ ոք չէր ապրում։ Կարճ ժամանակահատվածում թանգարանը դարձավ հայկական մշակույթի կարևորագույն օջախներից մեկը։
Տասը տարի առաջ հաստատությունը տարեկան 3000 այցելու էր ունենում։ Տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանն ասում է, որ այսօր ադ թիվը հասնում է մինչև 10 հազարի։
Մեծ լոռեցու Դսեղի տունը վերջին անգամ վերանոորգվել է 2002 թվականին։ «Այդ առումով մեծ հոգսեր, բարեբախտաբար, չունենք, բայց ունենք տարածքի խնդիր»,-ասում է Ռոզա Ղալումյանը։
Կա հարցի լուծման մեկ տարբերակ, որն, ըստ վարիչի, այս պահին ամենաիրատեսականն է։ Թանգարանի հարևանությամբ գտնվում է Թումանյանի եղբոր տունը, որը տարիներ առաջ վաճառվել է։ Եթե տունը հետ գնվի և հանձնվի թանագարանի տնօրինությանը, ապա տարածքի խնդիրը հնարավոր կլինի լուծված համարել։
Բայց խնդիրն այնքան էլ պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Բանն այն է, որ տան նոր սեփականատերը պատրաստ է այն փոխանակել միայն երևանյան շքեղ բնակարանի հետ։ Դսեղում թումանյանական տոհմն այսօր շարունակում են գրողի եղբոր ծոռները՝ մեծ մասամբ կրելով Թումանյան ազգանունը։
2010 թվականին Թումանյանի Դսեղի տանը հավաքվել էր ողջ գերդաստանը՝ 23 հոգի Ռուսաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Հոլանդիայից, նաև Հայաստանից։
Այս իրադարձության մասին դսեղցիները մինչ օրս ոգևորությամբ հիշում ու պատմում են։ Թումանյանի տուն-թանգարանը տեղացիների պրածանքն ու հպարտությունն է, այստեղ նրանց համար չափազանց թանկ է յուրաքանչյուր մասունք, սակայն առանձնահատուկ վերաբերմունք կա Թումանյանի անձնական իրերի հանդեպ։ Դրանք մեծ լոռեցու, մասնավորապես նրա մաքրակենցաղ վարքի մասին իսկապես շատ բան են պատմում։
Դսեղցիներն այսօր ցավով են նկատում, որ Դսեղի Դիդ կոչվող բլրում թաղվելու Թումանյանի ցանկությունը չի կատարվել։ Մահվանից հետո հարազատները որոշեցին նրան հողին հանձնել Թիֆլիսում, քանի որ բնակվում էին այնտեղ, այնտեղ էր գտնվում Խոջիվանքը՝ հայ մտավորականների պանթեոնը։ Սակայն դսեղցիներն այսօր էլ մնում են իրենց համոզմունքին, որ իրենց մեծ հայրենակցի վերջին հանգրվանը պետք է լիներ Դսեղը։

Թողնել պատասխան

Back to top button