Հասարակություն

«Ժառանգությունը» «ատկատների» մեջ մեղադրում է «Նատալի ֆարմին»

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

«Ժառանգություն» կուսակցությունը «ատկատների» դեմ պայքարել է 5 տարի շարունակ, բայց չնայած փոքրիկ հաջողություններին գլոբալ առումով խնդիրները չեն լուծվել: Անդրադառնալով ատկատների մասին նախագահ Սերժ Սարգսյանի սուր քննադատություններին՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանն այսօր նկատեց, որ հանդիպումը սպասված էր, բայց ուշացած:
Նա կարծում է, որ խնդիրը համակարգային է։ Այդ առումով որպես օրինակ ներկայայացրեց նույն կուսակցության վարչության անդամ Գառնիկ Սահակյանի բիզնեսը, որը դարձել է «ատկատների» հերթական զոհը:

«Գառնիկը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչ է, ունի դեղագործական կազմակերպութուն, դարձավ ատկատների զոհ: Ըստ էութան՝ հավատալով պետական գնումների մասին օրենքին, իր ներկրած դեղորայքը բավականին մատչելի գներով փորձեց իրացնել այն շուկայում, որը ստեղծվում է պետության կողմից: Սկսեց մրցույթներին մասնակցել, բայց պարզվեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության  ներքո գործող որոշ հիվանդանոցներում մրցույթները մի զավեշտալի փաստի վրա կանգնեցրին.ինստիտուտը գնել էր 8 անգամ թանկ դեղը, այն դեպքում, երբ դրա համարժեքն ապահովվել էր Գառնիկ Սահակյանի կողմից»:
Եվ սա, ի դեպ, միակ դեպքը չի եղել: Դրանցից յուրաքանչյուրին չանդրադառնալու համար Ստեփան Սաֆարյանը միայն ընդգծեց, որ քանի դեռ մեր երկրում ազգային հարստության արդար և արդյունավետ բաշխում չկա, այն շարունակելու է նմանվել մի ընտանիքի, որտեղ բոլորը գողանում են, որտեղ ոչինչ չի ավելանում:
Խնդրի միակ լուծումը նա տեսնում է կոռուպցիայի դեմ լուրջ պայքարի մեջ: Իսկ դրա համար նախևառաջ պետք է վերանայել պետական կառավարման ողջ համակարգը, կարծում է Ստեփան Սաֆարյանը:
Ինչպես իր հերթին նկատեց Գառնիկ Սահակյանը, ամեն ինչ սկսվեց գնումների մասին օրենքն ընդունումից հետո: Նա կարծում է, որ  այս օրենքն ընդունվել է, որպեսզի գնումներ չլինի և բյուջեի լվացումը կառավարվի մեկ կետից: Գառնիկ Սահակյանը նաև ավելացրեց, որ դեղերի մրցույթներում տարբեր կեղծիքների դիմելու ճանապարհով միշտ հաղթում է դեղերի իրացմամբ զբաղվող «Նատալի ֆարմ» ընկերությունը և դրանով իսկ բյուջեին հասցնում հսկայական վնասներ:
Կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի տեղեկացմամբ` Նատալի ֆարմը տուգանվեց միայն իրենց համառ պայքարի արդյուքնում, և ընդամենը 50 մլն դրամով:

 

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button