ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը սիրիական ճգնաժամի և Քեսաբի իրադարձությունների մասին հայտարարություն է ընդունել

Ապրիլի 3-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։ Նախարարական հանդիպման օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրները, Կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական համադրման հարցերը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ նիստի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնայնությունների իրականացման ընթացքը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։

Հանդիպման մասնակիցները Հայաստանի նախաձեռնությամբ համատեղ հայտարարություն են ընդունել Սիրիայում շարունակվող ճգնաժամի և երկրի հյուսիս-արևմուտքում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները խորը մտահոգություն են հայտնել և խստորեն դատապարտել են Ալ-Քաիդայի հետ կապված ծայրահեղական խմբավորումների կողմից Քեսաբ քաղաքի գրավումը, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի և մեծամասնություն կազմող հայ բնակչության հարկադրված տեղահանմանը։

«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչական գործողությունները և խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումը։ Հանդես ենք գալիս բռնությունների շուտափույթ դադարեցման և փախստականների անվտանգ վերադարձի ապահովման օգտին։ Համոզված ենք, որ իրավիճակի կայունացումը հնարավոր է դրսից միջամտության բացառման և բռնության դադարեցման ու անկախ ազգային և կրոնական պատկանելիությունից բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող լայն քաղաքական եխկխոսության միջոցով։ Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ գործել միջագզային իրավունքին խիստ համապատասխան՝ արյունահեղության շուտափույթ դադարեցման և 2012թ. հունիսի 30-ի Ժնևյան կոմյունիկեի հիման վրա Սիրիայում խաղաղ քաղաքական կարգավորման հասնելու նպատակով»,- ասված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի ընդունած հայտարարության մեջ։

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հաստատել են արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով 2014թ. Երկրորդ կիսամյակի և 2015 թ. առաջին կիսամյակի խորհրդատվությունների ծրագիրը, համատեղ հայտարարություն ընդունել Աֆղանստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Նախարարները համաձայնեցրել են Հավաքական անվտանգության խորհդրի առաջիկա նիստին ներկայացվելիք մի շարք որոշումների նախագծեր։

Back to top button