

Անվանի կինոռեժիսոր, միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոմրցանակների ասպետ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառոտնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի համար 2015-ը հոբելյանական է: Հունվարին նա նշեց ծննդյան 60-րդ տարեդարձը: Հոբելյանական տարվա շրջանակներում «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնի այս օրերին կազմակերպվել է ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հիմնադրելու և ծննդյան 60-ամյակի առիթով Հարություն Խաչատրյանն արժանացել է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևին՝ «Սբ. Սահակ-Սբ. Մաշտոց» շքանշանին, ինչի առիթով «Ռադիոլուրը» շնորհավորում է սիրված ռեժիսորին և մեր ժամանակների լավագույն մտավորականներից մեկին:
80-ականների կեսին հայ կինոյում հայտնվեց երիտասարդ ռեժիսորների մի խումբ, որն անմիջապես առանձնացավ իր ձեռագրով և մտածողությամբ: Նրանց թվում մանկավարժական համալսարանի շրջանավարտ Հարություն Խաչատրյանն էր: Նրա «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերն ինքնատիպ մտածողության ու տաղանդի ակնառու վկայություն էին, բայց արվեստագետների այս սերնդի բախտն, ինչպես ասում են, չբերեց: Նորանկախ Հայաստանի ծանր տարիներին շատերը կինոյից ընդհանրապես հեռացան:
Կինոյում տասը տարվա դադար վերցրեց նաև Հարություն Խաչատրյանը: Այդ ընթացքում զբաղվեց տարբեր աշխատանքներով: Անգամ շինարարություն էր ղեկավարում: Ղռեր կոչվող թաղամասի ամայի տարածքում նրա շնորհիվ նաև այդ տարիներին վեր բարձրացավ Վահագնի թաղամասը: Բայց կինոն հաղթելու էր: Դադարից հետո նկարած առաջին իսկ ֆիլմը ռեժիսորին բերեց հեղինակավոր կինոմրցանակ, որոնց թիվն այսօր հաշվելը, թերևս ,կլիներ ամենաանշնորհակալ զբաղմունքներից մեկը:
60-ամյա ռեժիսորն այսօր խոստովանեց, որ հանդիպումից առաջ մտածում էր իր ձեռքբերումների ու կորուստների մասին և կարող է վստահորեն ասել, որ երջանիկ մարդ է:
«Երջանիկ եմ, որ չեմ կորցրել նաև ախորժակս ու ցանկությունս նկարելու ֆիլմեր: Չեմ կորցրել նաև երիտասարդներին օգնելու ցանկությունը»,-ասում է ռեժիսորը: 4-5 սցենարներ արդեն սեղանին են, դրանացից մեկն էլ Վահան Տերյանի մասին է: Գաղթական հայի թեման ինչպես միշտ նրա ուշադության առանցքում է: Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմը ԱՄՆ մեկնած մեր հայրենակիցների մասին է: Ֆիլմի հերոսը ռեժիսորի նախկին՝ «Քամին ունայնության» ֆիլմի կերպարներից մեկն է:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Հարություն Խաչատրյանը կաշխատի նաև «Ոսկե ծիրան» -ի շրջանակներում այս օրերին Երևան ժամանած գերմանացի դերասանուհի Նաստասիա Քինսկիի հետ: «Նաստասիայի մասին ֆիլմ չեմ կարող նկարել, որովհետև աստղերին շատ ծանոթ չեմ, բայց կարող եմ նկարել ֆիլմ կնոջ մասին, որն ունեցել է մեծ վերելքներ և վայրէջքներ: Եթե նա համարձակություն ունենա բացվել և ցույց տալ աշխարհին, թե որքան դժվար է կին լնելն ու միաժամանակ արվեստում լինելը, ես կնկարեմ այդ ֆիլմը»,-ասում է ռեժիսորը: Ըստ նրա՝ ոչ միայն Հայաստանում, այլև աշխահում ճշմարիտ ֆիլմ նկարելն այսօր շատ բարդ է, որովհետև ժամանակակից մարդն առավել ընդունակ է ընկալելու պարզունակ արվեստը: «Ոսկե ծիրան» -ի ստեղծած կինոդպրոցը շոուներով չի զբաղվելու:
Այն պետք է ստեղծի ֆիլմեր, որոնք մարդկանց կստիպեն մտածել: Հարություն Խաչատարյանի համոզմամբ՝ կինոն կարևոր զենք է հատկապես փոքր ազգերի համար և այդ զենքը կորցնելը վտանգավոր է:




