

«Մոսկվիչ իմ սեր» ֆիլմը կորսված սերնդի մասին է, մի սերնդի, որը մի օր արթնացավ նոր ժամանակներում ու հասկացավ, որ այլևս ոչ ոքի պետք չէ : Սերունդ, որը լուռ տանում է իր ողբերգությունը»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը: Ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Գլխավոր հերոսը Ադրբեջանի Լենինավան գյուղից գաղթած Համոն է: Ֆիլմը ընդգրկված է «Ոսկե ծիրան» 12- րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթում:
Արցախի Մարտակերտի շրջանում ռեժիսոր Արամ Շահբազյանն ու լրագրող Էդիկ Բաղդասարյանը տարիներ առաջ հանդիպել էին մի հայ փախստականի: Նա ուներ օրագիր, որտեղ գրում էր, թե ինչպես է գումար հավաքում «Մոսկվիչ» մակնիշի մեքենա գնելու համար: Օրագրի խունացած էջերում պահպանված երազանքը դարձավ «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի մեկնարկային սահմանը:
«Իրական այս պատմությունից ֆիլմում պահպանվել է միայն օրագրի գաղափարն ու հերոսի փախստական լինելը: Հերոսի՝ Հմայակ Ավանեսյանի կերպարը մարմնավորում է Գավառի թատրոնի դերասան Մարտուն Ղևոնդյանը:
Ֆիլմը կորսված սերնդի մասին է, մի սերնդի, որը մի օր արթնացավ այս երկրում՝ նոր ժամանակներում, ու հասկացավ, որ այլևս ոչ ոքի պետք չէ: Սերունդ, որը լուռ տանում է իր ողբերգությունը: Ֆիլմը փոքր մարդու ողբերգությունն է մեր իրականության մեջ: Իսկ նման ողբերգությունների մենք բախվում են յուրաքանչյուր պահի, բայց դրանց մասին առանձնապես չենք մտածում, չենք նկատում, ուշադրություն չենք դարձնում»,- ասում է ռեժիսոր Արամ Շահբազյանը:
Ժամանակակից հայ կինոն լի է խճճված, երևակայական պատմություններով ու մեր իրականության հետ որևէ աղերս չունեցող հերոսներով: Արդյո՞ք այս ֆիմում հանդիսատեսը, ի վերջո, կարող է ճանաչել իր ժամանակակցին, նաև ի՛ր ողբերգությունը մարմնավորող հերոսին: Հարցին դժվարանում է պատասխանել անգամ ռեժիսորը:
Հավելենք, որ Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը հայ-ֆրանս- ռուսական համատեղ արտադրություն է: Այն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթում։




