
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՀ մշակույթի նախարարությունը և Վիվա Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ իրականացվող Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Պատասխան 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը մոտենում է եզրագծին: Անդրադառնալով 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին՝ մինչև 2015 թ. հունիսի 1-ը նախագծի շրջանակում իրականացվել են 2 ենթածրագրեր: Ներկայում ընթանում են «Պատասխան 100 տարի անց» պատկերագրքում ներառվելիք նյութերի ամփոփման, խմբագրման , թարգմանության և ձևավորման աշխատանքներ։
Փետրվարի 27-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ամփոփվեցին «Պատասխան 100 տարի անց» խորագրով համալիր ծրագրի շրջանակում իրականացվող Հայոց ցեղասպանության վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի` բոլոր փուլերը հաղթահարած աշխատանքների ընտրության արդյունքները:
Ժյուրիի 21 անդամների կողմից ընտված 15 լավագույն աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում: Իսկ մինչ այդ աշխատանքները ցուցադրվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում` «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով ցուցադրության շրջանակներում:
Հայաստանի ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրեն Արման Ծատուրյանն այսօր ողջունեց երիտասարդների մուտքը և վստահեցրեց, որ նրանց ներկայությունը ազգային պատկերասրահում այսուհետ ավանադույթ կդառնա։ «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» մրցույթի պատասխանատու, արվեստաբան Արմեն Գասպարյանի խոսքով՝ բոլոր աշխատանքների ընտրությունը կատարվել է ըստ գեղարվեստական արժանիքների:
Նրա ձևակերպմամբ՝ ողջ խորհրդահայ արվեստը կարելի է համարել որպես պատասխան ցեղասպանությունից հետո: Որքան էլ թշնամին փորձեց մեզ ոչնչացնել, մենք կարողացանք արժանապատիվ կերպով հանդես գալ ողջ աշխարհի առաջ:
Հայաստանի ազգային պատկերասրահի փոխտնօրեն Անուշ Հակոբյանն էլ կարևորում է այն փաստը, որ ցուցադրությունում ներկայացված է մասնավորապես անկախության սերնդի արձագանքը ցեղասպանությանը։
Վիվա Սել ՄՏՍ-ի օժանդակությամբ «Անցյալը ներկայում» մրցույթում հաղթած երիտասարդ ստեղծագործողները հունիսի սկզին իրականացրեցին եռօրյա ուխտագնացություն դեպի Արևմտյան Հայաստան: Ուխտագնացության մասին նկարահանվել է ֆիլմ, որի պրեմիերան կկայանա պատկերագրքի շնորհանդեսի հետ միաժամանակ: Նախատեսվում է նաև ֆոտոշարքերի և Արևմտյան Հայաստանում կատարած որոշ ճեպանկարների ցուցադրություն:





