

Անորոշությունն այն հիմնական բնութագիրն է, որը կարելի է տալ հայաստանյան տնտեսության ներկա վիճակին: Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն այսօր խոսել է մեր երկրի արտաքին առեւտրաշրջանառության կրճատման միտումներից` դրանք առավելապես պայմանավորելով Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական կյանքում առկա «մղձավանջով»: ԵՏՄ-ի հետ կապված հույսերն էլ առայժմ արդարացման շեմին չեն: Մխչյանն այն համոզմանն է, որ ԵՏՄ մտնելու հապշտապ որոշման ժամանակ ուշադրություն չի դարձվել մի շարք օրենքների անկատարությանը, ինչը, սակայն, այժմ լրջորեն ծանրացնում է հայ գործարարների գործը։
Հայաստանի արտահանման ոլորտում իրավիճակը չի բարելավվում, անորոշությունները շարունակվում են: Պաշտոնական վիճակագրությունը նույնպես բարելավում չի արձանագրում: Ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշերով` այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 28,5 տոկոսով:
Ընդ որում` ներմուծումը կրճատվել է 30,5 տոկոսով, արտահանումը՝ մոտ 23 տոկոսով: Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը սա ուղղակիորեն պայմանավորում է Ռուսաստանի տնտեսության վիճակով, քանի որ մեր առևտրային ամենամեծ գործընկերը միշտ Ռուսաստանն է եղել:
Այսօր մեր արտահանողները բավականին լուրջ խնդիրներ ունեն, և դեռևս անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ցնցումներից հետո նրանցից շատերը չեն կարողանում իրենց գումարները ստանալ Ռուսաստանից:
ԵՏՄ տարածքում այսօր հայկական արտադրանքի վաճառքի ծավալները նվազում են: Բայց միաժամանակ Մխչյանը շեշտում է` ակտիվացում պետք է սպասել արդեն այս շրջանում ու բացատրում` ինչու: «Պետք չէ մոռանալ, որ մեր տնտեսությունն ակտիվանում է հենց գարնան վերջին ու ամռանը, քանի որ արտադրանքի հիմնական ծավալը գյուղատնտեսական ապրանքներն են»:
Բացի նրանից, որ հայ արտահանողները սպասողական վիճակում են ու այս փուլում խուսափում են արտահանում կատարել հատկապես դեպի ԵՏՄ տարածք, մասնավորապես, Ռուսաստան, նաև օրենսդրական խնդիրներ կան: Միության նախագահի խոսքով՝ ԵՏՄ տարածքում օրենսդրության անկատարության պատճառով այսօր արտահանողներն են տուժում:
Րաֆֆի Մխչյանի խոսքով՝ հայաստանյան արտահանողներն անորոշ վիճակում են հայտնվել ավելացված արժեքի հարկի վճարման հարցում: «Կան մի շարք չմտածված օրենքներ, որոք ստեղծվել են ԵՏՄ մտնելու հապշտապ որոշման ժամանակ»,-ասում է:
Այս առումով հիշեցնեմ, որ Ռուսաստանի կառավարությունը հրապարակել է ԵՏՄ շրջանակներում արտահանման աջակցության ճանապարհային քարտեզի վերանայված տարբերակը, որը նախատեսում է ԵՏՄ անդամ երկրներ արտահանման ժամանակ ԱԱՀ կիրառում եւ այդ հարկի ետվերադարձի հեշտացումը:
ԱԱՀ ետվերադարձման համար պետք է բավարար լինի հարկային ծառայություններին միայն առաքումը հաստատող մեկ փաստաթղթի` առեւտրային պայմանագրի ներկայացումը: Որպես այլընտրանքային փաստաթուղթ կարող են ծառայել նաեւ առաքումը եւ դրա պայմանները հաստատող նման տեղեկանքները: Օրենքն ուժի մեջ պետք է մտնի դեռ նոյեմբերից, իսկ մինչ այդ դեռ շատ հարցեր կան նոր նորմերի կիրարկման ու մեխանիզմների մշակման առումով:
Րաֆֆի Մխչյանն այս համատեքստում խիստ կարեւոր է համարում նախ մեր իսկ համար մեր հնարավորությունների ու ներուժի հստակեցումը: «Աշխարհը դարձել է ընդամենը մեկ պատուհան մեկ մոնիտորի մեջ, մեծ գաղտնիքներ չկան, ամեն ինչ բաց է բոլորի համար: Այստեղ ամենակարետրը` ով ամենախորամանկը դուրս կգա, եւ ով առաջին քայլը կանի: Անպայման պետք է նորացվի մեր տնտեսությունը, մեր արդյունաբերությունը: Պետք է մտածենք` ինչ կարող ենք անել, որը եւ առաջինը կբավարարի մեզ, եւ կարող ենք արտահանել»,- ասում է Մխչյանը:
Դեռեւս քաղաքական կայունություն չկա նաեւ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում, եթե մի փոքր կայունություն լիներ՝ անորոշությունն էլ կփոքրանար: Անորոշություն է նաեւ փոխարժեքային շուկայում, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում գործարարների համար: Այսօր շատ քչերին է հաջողվում դոլարային պայմանագրեր կնքել, իսկ փոխարժեքի տատանման հետեւանքով կորուստները հեշտ չէ վերականգնել Ռուսաստանում ապրանքի գնի բարձրացմամբ:




