
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
«Մենք պետք է ազատվենք քաջնազարությունից. յուրաքանչյուրս մեզանում սպանելով Քաջ Նազարին», -այսպիսի կոչ ունի Արմեն Ռոնովի նոր ֆիլմը` «Քաջ Նազարը»: Այն ներկայացնելով Թբիլիսիիում, հեղինակն ասել է, որ Երևանում ֆիլմի պրեմերիան դեռևս չի լինի. «Դեռ պետք է ձևավորվի լսարան», -ասել է նա «Ռադիոլուր»-ի հետ զրուցում:
«Քաջ Նազարը» մի վարքագիծ է, որը ցույց է տալիս մեր ներկան, անցյալն ու ապագայի ախտերը: Այսօր էլ այդ ախտը` անբանությունը կա ու մարդկությանը տանում է դեպի կործանում: Վստահ է Ֆիլմի հեղինակը, ով ցույց տալով այս ամենը, առաջարկում է եզրակացություններ անել.
«Սա մեզ մտածելու տեղիք է տալիս, որպեսզի իմանանք վաղվա մեր քայլերը: Դրա համար միասին պետք է դուրս գանք ճգնաժամից: Մենք պետք է Քաջ Նազարի հակառակ ծնունդն ունենանք, որպեսզի գերիշխի բարությունը, և ոչ թե այն ինչ ունենք»:
Ըստ ռեժիսորի, այնպես ինչպես միջնադարում, այսօր էլ ճնշվում են մարդու իրավունքները և իշխանությունների, և եկեղեցու կողմից: Մարդն ազատ չէ: Նա ասում է` իշխանությունները պետք է լսեն ժողովրդին, պետք է կայանա երկխոսություն.
«Մեր լսարանաը, որը քայլ առ քայլ ձևավորվում է, պետք է կարողանա պահանջել, որ արվեստագետը մնա իր հայրենիքում այլապես մենք դառնում ենք գաղթական և իշխանության, և ժողովրդի անտարբերությունից»:
Արմեն Ռոնովի այս ֆիլմը եվս յուրօրինակ ժանրում է, որը շատերը կոչում են ռոնովիզմ:
«Այսինքն ես միաբանում եմ մի քանի ճյուղեր վիզուալ արվեստում, ստեղծելով մի նոր երևույթ կինոյում»:
Սակայն շատերը քննադատում են նրա ֆիլմերը: «Քաջ Նազար» ֆիլմի նկարահանումների համար անհրաժեշտ գումարը մասամբ տրամադրել է Մշակույթի նախարարությունը, որը սակայն այսօր չի ընդունում այն: Հայաստանում տեղի է ունեցել ֆիլմի փակ դիտում, որովհետև ինչպես ռեժիսորն է ասում. «Մենք դեռ պետք է կարողանանք մեր լսարանը ձևավորել, մարդիկ կան որ դեռ պատրաստ չեն եկխոսելու. ես զգում եմ հիասթափություն: Եվ ես փուլ առ փուլ ուզում եմ պատրաստել լսարանին պրեմիերային»:




