
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներն Արցախում այս տարի ձգվում են երեք օր: Դրանց մի մասը նվիրված է Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին, մի մասն էլ վեր է հանում արցախյան ավանդույթները: Թանգարանները փորձել են այցելուներին դարձնել միջոցառումների գործող անձերից մեկը։
«Ցավի գույնը» վիրտուալ ցուցադրություն, «Հայ վրիժառուները»խորագրով ցուցահանդես Շուշիում: «Պայքարը՝ ոգու կորով». սա էլ Շուշիում կայացած մեկ այլ ցուցահանդեսի վերնագիրն է:
Հայոց եղեռնի 100-ամյակին նվիրված գեղանկարչական ցուցահանդեսը անցկացվում է Ստեփանակերտի պատկերասրահում: «Մշակութային եղեռն», «Մեծ եղեռն. լուսանկարներ և վավերագրեր» երկու ցուցահանդեսներ Արցախի պատմաերկրագիտական թանգարանն էր ներկայացրել: Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաներով ցուցահանդեսներ են տեղի ունեցել Հադրութում, Մարտունում, Մարտակերտում, Քաշաթաղի թանգարաններում։
Թանգարանները նաև դասախոսություններ են կազամկերպել առաջին աշխարհամարտի, ցեղասպանության և դրա զոհերի, պահանջատիրական գաղափարախոսության մասին: Առաջարկել են մշակութային ու գրականագիտական թեմաներ: Հադրութի թանգարանում նաև ներկայացվել է «Ոտքի՛, դատարանն է գալիս» բեմադրությունը, Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում ցուցադրվել է «Աղետ. ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը, Ասկերանի թանգարանում դասախոսությունը նվիրել են Երկրորդ աշխարհամարտում հայերի մասնակցությանը. հայկական ազգային դիվիզիաների մարտական ուղուն:
Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում այսօր հետաքրքիր միջոցառում է տեղի ունեցել` թանգարանին կից գործող արվեստի ստուդիայի սաների մասնակցությամբ «Ինչպես տատս էր գործում. շյուղագործի հիշողություն» խորագրով գուլպագործության վարպետության դասընթաց է անցկացվել:
Երեկ Երկրաբանության պետական թանգարանում ամփոփվել են «Պատանի բնագետ» միջքաղաքային դպրոցական օլիմպիադան:
Միջոցառումների մեկ այլ շարք Զբոսաշրջության և պատմական միջավայրի վարչությունն է կազմակերպել:Դրանք տեղի են ունեցել Պատմական արգելանոցներում` Տողի մելիքանիստում և Տիգրանակերտում:
Շուշիի կերպարվեսի պետական թանգարանը, որի 500 ցուցնմուշները նվիրատվություն են թանգարանային գիշերն առաջին անգամ ցուցադրության է ներկայացրել նոր նկարներ:




