
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Վրաստանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին կներկայանա խորհրդարանի փոխխոսնակի մակարդակով: Ապրիլի 24-ին Երեւան ժամանող պատվիրակությունը կգլխավորի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն, որը խորհրդարանում գլխավորում է նաև Հայաստանի հետ բարեկամության խումբը: Վրաստանը պատրաստվում է նույն օրը պատվիրակություն ուղարկել նաև Թուրքիա: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, որը Թուրքիան դիտավորյալ այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, կմասնակցի Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և Պաշտպանության ու անվտանգության հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:
«Վրաստանը չի կարող այդ իրադարձություններին վերաբերվել այնպես, ինչպես Երևանը կամ եվրոպական մի շարք երկրներ…»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադառնալով Հայոց Ցեղասպանության թեմային, ասաց ընդդիմադիր պատգամավոր Դավիդ Դարչիաշվիլին: Նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի կուսակիցը խուսափելով օգտագործել ցեղասպանություն բառը, նշեց. «ես որպես մարդ ցավում եմ այդ ողբերգական իրադարձությունների համար, որ տեղի են ունեցել 1915 թվականին և ոչ միայն… սա շատ ցավոտ հարց է և պետք է, որ հայերն ու թուրքերը միասին համաձայնության գան. որովհետև այն մարդիկ, ովքեր պատասխանտու են այդ իրադարձությունների համար, նրանք արդեն պատմություն են. հիմա բոլորվին այլ սերունդ է, բոլորվին այլ կառավարություն»:
Ինչ վերաբերում է հարցին, թե Վրաստանն արդյոք պաշտոնապես կճանաչի Հայոց Ցեղասպանության փաստը, Դարչիաշվիլին գրեթե անհավանական համարելով, շեշտեց, որ խնդիրը կապված է պետության ազգային անվտանգության հետ:
Իսկ իշխող` «Վրացական երազանք» կոալիցիայի անդամ կուսակցություններից մեկի «սոցիալ-դեմոկրատների» ղեկավար, պատգամավոր Գիա Ժորժոլիանին նշում է, որ դա մեծ ողբերգություն է, սակայն պատմությունը չպետք է խանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն ընդգծում է, որ Վրաստանում հիշում են «հարևան ու բարեկամ ժողովրդի հետ պատուհասած մեծ ողբերգությունը և Վրաստանը բավական բարձր մակարդակով է ներկայանում Երևանում անկցկացվելիք միջոցառումներին»:
«Վրաստանը հաստատում է, որ տեղի է ունեցել մեծ ողբերգություն. և իհարկե այս կարևոր պահին հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունն անհրաժեշտություն է, սակայն Վրաստանը չի կարող հարցականի տակ դնել նաև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարբերությունները»:
Քաղաքագետի խոսքով, Վրաստանն այսօր կիսում է հայ ժողովրդի ցավը, այնպես ինչպես դա արեց ուղիղ 100 տարի առաջ` ընդունելով այդ իրադարձություններից փրկվածներին:
Ցինցաձեն, սակայն չբացառեց, որ մի օր գուցե Վրաստանը եւս ճանաչի Հայոց Ցեղասպանության փաստը:
Հիշեցնեմ՝ Վրաստանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Պետրոսյանը հանդես էր եկել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կոչով, ինչը դարձել էր բանավեճի առիթ: Իսկ խորհրդարանի խոսնակը շեշտել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Վրաստանի խորհրդարանում չեն պատրաստվում քննարկել:




