

Նախորդ քառօրյան գրեթե ամբողջությամբ Ազգային ժողովը նվիրեց գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկմանը: Ներկայացվեցին հանձնաժողովի մոտ մեկամյա ուսումնասիրության արդյունքները: Հանձնաժողովի անդամները վստահեցնում են, որ լուրջ չարաշահումներ են բացահայտվել, նաև պնդում են, որ սակագնի իջեցման հնարավորություն կա:
ՀԱԿ խմբակցության պատգամավորները ԱԺ որոշման նախագիծ են ներկայացրել, որով երկու առաջարկ են անում. նախ ՝ գազային հանձնաժողովի եզրակացությունն ուղարկել ՀՀ դատախազություն՝ դրանում տեղ գտած չարաշահումների փաստերն ուսումնասիրելու նպատակով: Ապա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկում են երկշաբաթյա ժամկետում մշակել և Ազգային ժողով ներկայացնել հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած բացթողումների վերացմանն, այդ թվում՝ սակագների նվազեցման, կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների ծրագիր:
ԲՀԿ-ն ՀԱԿ-ի այս նախագծին ծանոթանալ դեռ չի հասցրել: Հանձնաժողովում խմբակցության ներկայացուցիչը՝ Միքայել Մելքումյանը, ասում է, որ ողջամիտ առաջարկներին պատրաստ են միանալ, բայց առավելապես նախընտրում են սեփական առաջարկներով հանդես գալ: «
«Ես ծանոթ չեմ ՀԱԿ-ի այդ առաջարկներին: Խորհրդարանական ձևաչափով կքննարկենք, թե ով ինչ է առաջարկում։ Եթե առողջ մոտեցումներ լինեն՝ կքննարկենք, թե ինչ պետք է անել: Բայց մենք մեր հարցադրումներն ուղարկելու ենք հասցեատերերին՝ կառավարություն և հանձնաժողով»:
Միքայել Մելքումյանին զարմացնում է նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ չի արձագանքել խորհրդարանական հանձնաժողովի զեկույցին, մինչդեռ հասցեական քննադատությունը հենց այդ կառուցի ուղղությամբ է:
Ընդհանուր առմամբ ՝ Միքայել Մելքումյանը կարծում է, որ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում իրատեսական է գազի սակագնի 7-8 տոկոսով իջեցման հնարավորությունը: Հանձնաժողովի ուսումնասիրությունները, ըստ նրա, փաստում են կորուստների մեծ չափը և վկայում, որ մի շարք ծախսերի գծով կարելի է խնայողություններ անել:
«Ռուսաստանից մեր ստացած գազի գինն էապես տարբերվում է սպառողի ստացած գազի գնից: Գազի սակագինը հնարավոր է իջեցնել մինչև 5-7 տոկոս: Եթե 12 տարի առաջ մարժան` սահմանից ձեռք բերված գազից մինչև սպառող, լինում էր 40 դոլար, ապա հիմա այն կազմում է 200 դոլար: Տարբերությունը հսկայական է»:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել էր 2014 թ. փետրվարին՝ հայ-ռուսական «գազային» համաձայնագրերի վավերացման հետքերով: Նպատակ ուներ ուսումնասիրել ու եզրակացություն ներկայացնել ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի դիմաց կուտակված 300 միլիոն դոլար պարտքի ձևավորման օրինականության և չափի հիմնավորվածության, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ 20% բաժնեմասի գնահատման, բնական գազի այլընտրանքային ներկրման, Հայաստանի տարածքով տարանցման հնարավորությունների, ինչպես նաև՝ սակագնի ձևավորման վերաբերյալ: Հանձնաժողովը եզրահանգել է, որ «Հայռուսգազարդ» ընկերության պարտքի ձևավորումն օրինական է, տնտեսապես հիմնավորված և ունի պայմանագրային հիմք»։




