Տնտեսական

Հանձնարարականներ, առաջարկներ ու ֆինանսական հատկացումներ

hasmikdilanyan

Հանձնարարականներ, առաջարկներ ու ֆինանսական հատկացումներ. կառավարության հերթական նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը հաստատվել են: Առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ու լրացումները ունեն մեկ ու հիմնական  նպատակ՝  հնարավորինս բարելավել ՀՀ քաղաքացիների կյանքը:

 

 

Կառավարության հերթական  նիստի օրակարգում 38 հարց էր ընդգրկված,  որոնցից մեկը՝ սակայն, հանվեց:  Գործադիրի հերթական  նիստն այսօր էր. վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վաղը   երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է  Քուվեյթի Պետություն: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը  վերաբերում էին հանրության տարբեր ոլորտներին:   Արտարժութային պարտատոմսերի թողարկումը կառավարության կողմից մշտապես դիտարկվում է որպես պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներից մեկը:

Այսօր հաստատված նախագծերով, կառավարությունը հավանություն տվեց  եվրապարտատոմսերի թողարկման ազդագրին, եվրապարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ կնքվելիք բաժանորդագրության և պարտավորությունների կառավարման պայմանագրերին, մի շարք այլ փաստաթղթերի:

Գործադիրն առաջարկում է  փոփոխություններ ու լրացումներ  կատարել ՀՀ երկու՝ «Կրեդիտավորման մասին  օրենքում»  և  «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ  օրենքներում: Նպատակը՝ գյուղացիական վարկերի ոլորտի  կարգավորումն է: Նախագծի  հիմնավորման համաձայն,  ՀՀ գյուղատնտեսության ոլորտում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը 2014 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմում են 161.58 մլրդ. դրամ, ընդ որում` մինչև 2.000.000 ՀՀ դրամին համարժեք վարկեր են տրամադրվել 148.6 հազար անհատ տնտեսվարող հանդիսացող շահառուի: Սա  ՀՀ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից ֆինանսավորված անհատ գյուղացիական տնտեսվարող սուբյեկտների  91.9%-ը:

ՀՀ օրենսդրությամբ այժմ  կարգավորված չէ գյուղատնտեսական վարկավորման ոլորտը: Մասնավորապես,  վարկային ռեսուրսների անվանական տոկոսադրույքի առավելագույն չափը կարգավորվում է միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:  ֆինանսավարկային կազմակերպություններն իրենց վարկային պրոդուկտները գովազդելիս շեշտը դնում են միայն անվանական տոկոսադրույքի վրա` հաճախորդներին գրավելով անվանական «ցածր» տոկսադրույքով` նշված խնդիրը դառնում է առավել արդիական անհատ գյուղացիական տնտեսությունների համար: Մյուս կողմից գյուղական համայնքներում գործունեություն ծավալողներն առավել խոցելի են համարվում:

Այդ իսկ պատճառով, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում  և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում համապատասխան լրացումներ կատարելու միջոցով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի դրույթները կտարածվեն նաև մինչև 2.000.000 ՀՀ դրամին համարժեք գյուղատնտեսական նշանակության կրեդիտների վրա, որը թույլ կտա կարգավորել գյուղատնտեսական նշանակության կրեդիտների տրամադրման գործընթացը:

Տարածքային կառավարման նախարարությունը  կտեղափոխվի Դավիթաշեն վարչական շրջան՝ ԱԻՆ համալիր: Այստեղ  են տեղափոխվելու նախարարության բոլոր ստորաբաժանումները՝  Միգրացիոն պետական գործակալությունը,  Տեխնիկական անվտանգության կենտրոնը, Լեռնափրկարարական ու Հայպետհիդրոմետ ծառայությունները: Նոր համալիրի շինարարական  աշխատանքները սկսելու համար հատկացվեց  շուրջ 264 մլն դրամ: Կառույցն ավարտին հասցնելու համար կպահանջվի շուրջ 990 մլն դրամ:

ՏԿ և ԱԻՆ Արմեն Երիցյանը տեղեկացրեց, որ  միայն Լեոյի փողոցում տեղակայված Հայպետհիդրոմետ ծառայության շենքը գնահատվել է 831 մլն դրամ:  Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մարզադպրոցի 300 հանդիսատեսի համար նախատեսված տրիբունայի և Հայաստանի գրողների միության 300 տեղանոց մեծ դահլիճի նորոգման և վերազինման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվեց  մոտ 41 մլն դրամ: Եվս մոտ 13 մլն դրամով էլ  Հովհ. Թումանյանի անվան  թանգարանի շենքի ջեռուցման համակարգը կարդիականացվի:

Հայաստանի կառավարության որոշմամբ «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համար 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կլուծարվի, լուծարման հաշվեկշիռը կազմելուց հետո առկա դրությամբ դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը կվերապահվի ՀՀ ֆինանսների նախարարությանը: «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համար 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-­ի պահանջների բավարարումից հետո դրամական միջոցները պետք է ուղղվեն ՀՀ  պետական բյուջե:

«Երևանի դպրոցներին մշտապես նման գույք նվիրաբերվում է տարբեր անձանց, մարմինների կողմից և հանձնարարեց գույքը նվիրաբերել ՀՀ սահմանամերձ համայնքների դպրոցներին»:

«Սփյուռքի ամառային դպրոց» 2015թ. ծրագրի շրջանակներում այս տարի. վեց դասընթացներում կվերապատրաստվի մինչև 250 սփյուռքահայ ուսուցիչ, իսկ արդեն ավանդական դարձած  երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015թ. Ծրագրին  ակնկալվում է մինչև 1100 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ ծրագիրը իրականանում է ՝ բոլոր գեչատեսչությունների համատեղ ջանքերով, իսկ արդյունքը փայլուն է»: «Իրոք լավ ծրագիր»,- հետևեց Հովիկ Աբրահամյանի արձագանքը:

Այսօր հաստատված  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, նպատակ ունեն նպաստել  վեճի արտադատական կարգով լուծման ինստիտուտների զարգացմանն ու ներդրմանը: Եվ եթե դրանցից երկուսը՝ արբիտրաժը և ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանում իրավական կարգավորում ստացել են, ապա երրորդը՝ հաշտարարությունը, ընդհանրապես բացակայում է: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նախ և առաջ ուղղված են հաշտարարության ինստիտուտի ներդրմանը:

Կարդացեք նաև

Back to top button