
Դոնեցկի Զասյադկոյի անվան հանքում տեղի ունեցած պայթյունը, նախնական տեղեկությունների համաձայն, առնվազն 32 մարդու կյանք է խլել։ Ուկրաինայի ածխահատների արհմիության ղեկավար Միխայիլ Վոլինեցը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել գազաօդային խառնուրդի պայթյուն:
Դոնեցկի շրջանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ պայթյունը հրետակոծության հետևանք լինել չի կարող: Ողբերգության պահին հանքում եղել է ավելի քան 200 հանքափոր:Հաստատվել է 30 զոհի մասին տեղեկությունը, մյուսների ճակատագիրը դեռևս անհայտ է
:Զասյադկոյի անվան հանքում 2007-ին տեղի է ունեցել Դոնբասի պատմության մեջ ամենախոշոր աղետը, այն խլել է 101 կյանք:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անջատողականներից պահանջել է ուկրաինական փրկարարներին եւ իրավապահներին թույլատրել մուտք ունենալ հանքահոր։ «Ցավակցություն եմ հայտնում Զասյադկոյի անվան հանքահորում զոհվածների ընտանիքներին։ Պահանջում եմ ողբերջության վայր թույլատրել ուկրաինացի փրկարարներին եւ իրավապաշտպաններին», գրել է նա Twitter- ի էջում։
Վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության նիստում հայտնել է, որ 10- ական անդամով 6 փրկարար խումբ է ուղարկվել, սակայն նրանց չեն թույլատրել հասնել տեղ եւ օգնել։ «Ես հանձնարարում եմ արտակարգ իրավիճակների պետական ծառայության եւ էներգետիկայի նախարարություններին շարունակել բանակցությունները, որպեսզի ուղարկենք փրկարարներին եւ օգնենք հանքափորներին»,- ասել է նա։
Իսկ ահա ԵԱՀԿ կոնտակտային խմբում Դոնեցկի անջատողականների ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը նշել է, որ Ուկրաինան օգնություն չի առաջարկել վթարի հետեւանքները վերացնելու համար։




