ԿարևորՏնտեսական

«Զվարթնոցը» դատի է տալիս «Արմավիային»

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

«Արմավիայի» կողմից վճարումները չկատարելու պատճառով օդանավակայանը կանգնած է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ, և պարտքը չմարելու դեպքում շուտով կարող են ընդհանրապես բոլոր չվերթերը դադարեցվել, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Զվարթնոց» -ի փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Մանուկյանը:
Վերջինս դժգոհեց, թե իրենց բազմաթիվ փորձերը` կարգավորել հարցերն «Արմավիա»-ի հետ, անօգուտ են եղել, իսկ այժմ անգամ իրենց հեռախոսազանգերին չեն պատասխանում:
«Միշտ էլ «Արմավիայի» հետ խնդիրներ ենք ունեցել, բայց ոչ այս աստիճանի, երբ պարտքը գերազանցում է 93 մլն դրամը»,- ասում է նա։
«Զվարթնոց» -ի փոխտնօրենը դիմում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` օգնելու կարգավորել այս խնդիրը, քանի որ «Արմավիա»-ի վրա ազդելու այլ լծակներ իրենք չունեն:
Պավել Մանուկյանի խոսքով` ավիափոխադրողին է պատկանում իրենց օդանավակայանի վճարումների կեսից ավելին, այնինչ «Արմավիա»-ն իրենց ամեն թռիչքից վճարում է ընդամենը 33 հազար դրամ։
«Դրա պատճառով այժմ մենք չենք կարողանում կատարել մեր պարտավորությունները հարկային մասով»,- շարունակեց ընկերության իրավաբան Անահիտ Գրիգորյանը: Վերջինիս խոսքով` իրենք պատրաստվում են այժմ հայց ներկայացնել դատարան «Արմավիա»- ի դեմ, սակայն օրը դեռևս հստակ չէ:
«Զվարթնոց»- ը, ըստ նրա, ժամանակացույց էր կազմել, որով պետք է նվազեին «Արմավիա»- ի պարտքերը, սակայն իրենց համար դա էլ նշանակություն չի ունեցել:
Եւ մինչ «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավար կազմի ներկայացուցիչները պնդում են, թե «Արմավիա»-ի կողմից վերջին երկու ամսում ընդհանրապես վճարումներ չեն եղել, ազգային ավիափոխադրողի ներկայացուցիչները պնդում են հակառակը, թե իրենք պարբերաբար վճարել են պարտքը` մաս առ մաս, թեպետ պարտքն ամբողջապես չի մարվել:
Ավելի վաղ «Արմավիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան հայտարարել էր, թե  տպավորություն է ստեղծվում, որ այս իրարանցումն ինչ-որ մեկին պետք է։
«Ամբողջ աշխարհում այժմ ավիացիոն ճգնաժամ է, բոլոր ավիաընկերությունները պարտքեր ունեն, մենք այդ պայմաններում գումարի փոխանցումներ կատարում ենք: Միջազգային պրակտիկայում տարածված է, որ ավիաընկերությունը պարտք է ունենում, սակայն դրա համար որևէ օդանավակայան երբևէ չի հրաժարվում իրականացնել նրա չվերթերը: Ինչքանով է ճիշտ, որ ամեն օր չվերթերն արգելվեն»,-ասաց նա։

Թողնել պատասխան

Back to top button