Մշակույթ

Գիրք նվիրելու օրը՝ վաղը

sonahakobyan
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում կառավարության որոշմամբ նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Նախաձեռնությունը «Գրողների միության» նախագահ, երջանկահիշատակ  Լևոն Անանյանին է: Արդեն ավանդույթ դարձած միջոցառումների նպատակը ընթերցող-գիրք կապի ամրապնդումն է: Գիրք նվիրելու օրվա կարևորության և միջոցառումների մասին են այսօր խոսել Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, «Էդիտ Պրինտ» հրատարակչության տնօրեն, Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը և «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը:

 

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր հռչակելու նախաձեռնությունը Հայաստանի գրողների միությանն է: Արդեն ավանդական դարձած միջոցառումների նպատակը ընթերցող-գիրք կապի ամրապնդումն է, ընթերցանության խրախուսումը: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը ներկայացնելով գրադարանի միջոցառումները՝  նշեց, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Հրատարակիչների ազգային ասոցիացիան այս օրերին կկազմակերպեն մանկապատանեկան գրքի արդեն 11-րդ երևանյան տոնավաճառը:

Այս տոնն իսկապես մտել է մեր ժողովրդի մեջ: Եթե ժամանակին մարդիկ հացի և երշիկի հերթ էին կանգնում, ապա այսօր արդեն գիրք նվիրելու օրվան ընդառաջ հերթեր են գոյանում գրախանութներում, ուրախությամբ նկատեց «Էդիտ Պրինտ» հրատարակչության տնօրեն, Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Նա նաև փաստեց, որ երիտասարդների շրջանում ակտիվացել է ընթերցանությունը, երիտասարդներն ակտիվորեն մասնակցում են գրքերի շնորհանդեսների, տարեց տարի ակտիվանում է նաև էլեկտրոնային գրքի կիրառումը:

Տոնի հանրայնացման գործում յուրաքանչյուրի դերն էլ կարևոր է, իր հերթին նշեց «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը և հավելեց, որ տոնի շրջանակներում մի շարք միջոցառումներ է իրականացնում նաև Զանգակ հրատարակչությունը: Այս տարի  նախաձեռնել են «Ընծայագրիր գիրքը» միջոցառումը:

Այսպիսով տոնի շրջանակներում առաջիկա օրերին նախատեսվում են գրքի ցուցահանդես-վաճառք, բարձրաձայն ընթերցանությունների շարքեր,  գրքերի նվիրատվություններ, թումանյանական մոտիվներով երաժշտական վիկտորինա, գրական խաղեր, և այլ միջոցառումներ:

Կարդացեք նաև

Back to top button