

Այսօր 2014 թ է ամփոփել էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ով մանրամասնորեն անդրադարձել է ոլորտի կատարած աշխատանքներին, անդրադարձել գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխություններին: Երվանդ Զախարյանն անդրադարձել է նաև «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրին, աշխատակիցների դժգոհությունները արդարացի համարել՝ դժվարանալով պատասխանել հարցին, թե ո՞վ է ի վերջո պատասխան տալու խորհրդային տարիների երբեմնի հսկա գործարաններից մեկի ներկայիս վիճակի համար՝ մի պարզ պատճառով՝ իրեն չեն նշանակել այստեղ, որպես քննչական մարմնի ղեկավար:
Վերջին երկու տարիներին մեզ՝ սպառողներիս ՀԷՑ ընկերությունը մատուցեց մեղմ ասած ոչ այնքան հաճելի անակնկալ՝ 2013-ին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ 27 տոկոսով, 2014-ին՝ շուրջ 10 տոկոսով: Այս ընկերության ֆինանսական խնդիրները շարունակվում են, դրանք առաջիկայում լուծվելու միտում չունեն, պատասխանատուներն էլ են խոստովանում՝ ՀԷՑ արտադրող կայանների նկատմամբ կուտակել է մեծ պարտքեր, 2015թ հունվարի մեկի դրությամբ պարտքը կազնել է 15,8 մլրդ դրամ, ընկերության բանկային պարտավորությունները գերազանցում են 220 մլն ԱՄՆ դոլարը, իսկ պետական ընկերությունների առևտրային բանկերից ներգրաված վարկերը կազմում են 10,8 մլրդ դրամ: ՀԷՑ ընկերությունը վերջին վեց-յոթ տարիների ընթացքում կորուստների կրճատմանն ուղղված աշխատանքներ չեն կատարել, քանի որ դրանց նվազում չի արձանագրվել:
Սրանք սիրողական հաշվարկներ չեն, այլ՝ թվեր, որոնք ներկայացրեց էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նախորդ տարեվերջից Հայաստանի փոխարեժքի շուկայում գրանցվող տատանումներն ու հայկական դրամի արժեզրկումն էլ իրենց հերթին են խնդիրներ ստեղծում: Այստեղից էլ լրագրողների՝ որպես շարքային սպառողների անհանգստությունը՝ ինչ նոր ու կրկին տհաճ անակնկալ է սպասվում բոլորիս: Արդյոք, 2015թ էլեկտրաէներգիայի սակագինը կրկին կբարձրանա մեր երկրում: Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն ըստ էության ոչ հերքեց ոչ էլ հաստատեց սակագնի բարձրացման հավանականությունը, նշեց՝ մտածում են, որ չի բարձրանա:
«Միևնույն ժամանակ ես կարող եմ պատասխանատու հայտարարել, որ ՀՀ դեպքում ՀՀ նախագահի ու կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ անել ամեն ինչ և հավանաբար այդպես էլ կարվի, որպեսզի մենք այս տարի սակագների բարձրացման հետ կապված խնդիր չունենանք, և անել ամեն ինչ, որպեսզի բնակչությունը լրացուցիչ բեռ այս տարի չստանձնի»:
Զախարյանը բացասական գնահատեց ընկերության ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում կորցրած գումարները սպառողներից գանձելու քաղաքականությունը, նշեց, որ Հայաստանի էլցանցեր ընկերության սեփականատաիրոջ՝ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի հետ ստեղծվել է աշխատանքային խումբ, ուսումնասիրություններ են կատարում, մինչև փետրվարի վերջ դիտողությունները, առաջարկություններն ու կորուստների նվազմանն ուղղված միջոցառումների ծրագրերը կներկայացվեն հանրությանը:
Նաիրիտ գործարանի վերագործարկման հետագա ճակատագիրն էլ կախված է մեկ այլ՝ ՀԲ տեխնիկական աուդիտի եզրակացությունից, աշխատանքները սկսվել են նախորդ տարեվերջից, կավարտվեն՝ փետրվարի սկզբին: Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն առայժմ փոխանցում է ՀՀ նախագահի ու կառավարության դիքրորոշումը.«Մենք շահագրգիռ ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի Նաիրիտ գործարանը վերագործարկվի»:
Գործարանում կրճատումները սկսված են, նոր պայմանագրեր են կնքվելու 475 աշխատակցի հետ: Եթե անգամ գործարանը վերագործարկվի, լավագույն դեպքում շուրջ 700 նոր աշխատակից կունենան: Առաջիկայում ամսվա ընթացքում գործարանի աշխատակիցները ևս մեկ ամսվա աշխատավարձ կստանան: Աշխատակիցներն արդարացի են դժգոհում, սակայն, շատ մեծ ցանկության դեպքում էլ , եթե գործարանը վերագործարկվի, ՀՀ կառավարությունը որևէ կոնկրետ քայլ չի կարող անել, քանի որ գործարանի բաժնետոմսերը գրավադրված են,- հայտարարեց Էներգետկայի ու բնական պաշարների նախարարը՝ դժվարանալով պատասխանել հարցին, թե դա ինչպես պատահեց.
«Պետությունը չի տնօրինում այդ բաժնետոմսերը: Կարող ենք որոշակի քայլեր կատարել, եթե գրավից դուրս գա, և անցնի ՀՀ կառավարությանը»:
Իսկ չաշխատող գործարանի աշխատակիցները աշխատավարձ ստանում են հիմկանակում էներգետիկայի համակարգի ընկերությունների միջոցների հաշվին, դրանք առևտրային վարկեր են՝ փոխառությունների տեսքով, տարեկան 12 տոկոս տոսոկադրույքով, իսկ թե նոր պարտքերն ովքե՞ր են փակելու, դեռ պարզ չէ՝ ամեն ինչ պարզ կլինի ինչպես Նաիրիտ գործարանի, այնպես էլ Վանաձոր քիմպրոմ գործարանի հետագա ճակատագիրը պարզելուց հետո միայն: Երվանդ Զախարյանը չգիտի, թե ո՞վ է ի վերջո պատասխան տալու խորհրդային տարիների երբեմնի հսկա գործարաններից մեկի ներկայիս վիճակի համար, ավելին, նա առաջարկեց ու խնդրեց նման հարցեր այլևս իրեն չտալ՝ մի պարզ պատճառով՝ «Ինձ չեն նշանակել այստեղ, որպես քննչական մարմնի ղեկավար և որպես նախկին իշխանությունների, նախկին աշխատակիցներին, նախկին նախարարին այս կամ այն գնահատականը տալու համար: Ես ներկայացրել եմ ձեզ նախարարության ընդհանուր բնագավառի իրավիճակը, բարելավմանն ուղղված այն աշխատանքների ցանկը, որոնք պետք է կատարվեն: Այլ գնահատականներ չեմ կարող տալ, այդ հարցով պետք է դիմեք այլ մարմինների»:
Երվանդ Զախարյանը հիշեցրեց, որ նախրոդ տարվա մայիսին ՀՀ կառավարությունը հաստատեց իր նոր ծրագիրը, որտեղ որպես գերակայություն կարևորվեց ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը: Շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2018թ ՝ 2026թ ավարտելու ակնկալիքով: Խնդիրները քիչ չեն նաև ընդերքօգտագործման ոլորտում: Դրանց լուծման հնարավորություններն՝ ապագայում:




