
Wildberries-ի երկու խոշոր լոգիստիկ կենտրոններում ուկրաինական անօդաչուների հարձակումից հետո բռնկված հրդեհների շուրջ քննարկումները չեն դադարում համացանում։ Ընկերությունը հերքում է աշխատանքի խափանման մասին տեղեկությունները և հայտարարում է, որ աջակցություն կտրամադրի վաճառողներին ու տուժածների ընտանիքներին։ Մինչդեռ սոցիալական հարթակներում օգտատերերը պայմանագրային փոփոխությունների և փոխհատուցումների հարցն են առաջ քաշում։ Բազմաթիվ մարդիկ, նաև Հայաստանում, արդեն անհանգստանում են իրենց պատվերների ուշացման համար։
Զրուցակիցս՝ Լիանա Նավասարդյանը, Wildberries-ի մշտական հաճախորդներից է։ Պատմում է ՝ ամսական մոտ 30 հզր դրամի գնումներ է կատարում հարթակից։ Սակայն այս ամիս Լիանայի պատվերը ուշանում է․
«Եղել է, որ տվել է՝ ապրանքը ուշ կհասնի, բայց որ սկզբում ժամկետ նշի, հետո փոխի օրը, ավելի ուշ նշի, չէր եղել։ Էս անգամ երեխայիս համար գնումներ եմ կատարել։ Երեկ՝ երեկոյան, տվել է, որ ապրանքը կհասնի ամսի 30–ին, բայց պետք է հասներ 19–ին։ Ու գիտե՞ք՝ ինչ նկատեցի․ առաքման օրվա վրա գիծ էր քաշված»։
Զրուցակիցս ասում է, որ հետո է լսել, որ ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Wildberries-ի երկու խոշոր պահեստների։ Դրանցից մեկը Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում է՝ Ուկրաինայի սահմանից մոտ 360 կմ հեռավորության վրա, իսկ մյուսը՝ Մոսկվայի մերձակա Էլեկտրոստալ քաղաքում։ Ռուսաստանի իշխանությունների հրապարակած տվյալներով՝ հրթիռակոծությունից 9 մարդ է մահացել, ավելի քան 80 մարդ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։
Wildberries-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Կիմը տեղի ունեցածը բնութագրել է որպես «սարսափելի գիշեր» Ռուսաստանի և ընկերության համար։ Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Համացանցում հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս, որ Էլեկտրոստալի պահեստի հրդեհը լայնածավալ է եղել։
Կադրերում սև ծխի հսկայական ամպեր են երևում։
Հատկանշական է, որ ուկրաինական հարձակումից տասը օր առաջ Wildberries-ը փոփոխություն էր կատարել վաճառողների հետ կնքվող պայմանագրում։ Ըստ այդմ՝ սահմանվել էր, որ ռազմական գործողությունների ժամանակ ոչնչացված ապրանքների համար ընկերությունը փոխհատուցում չի տրամադրելու։ Այդ պայմաններն ուժի մեջ մտան հուլիսի 7-ին:
Սոցիալական ցանցերում օգտատերերը սկսեցին ակտիվորեն քննարկել պայմանագրային փոփոխությունները։ Քննարկումներին մասնակցող վաճառողներից մեկը գրել է.
«Ինչ սկսել են դրոնների հարձակումներն ակտիվանալ, բոլորը փորձում են իրենց վրայից պատասխանատվությունը գցել։ Նույնպիսի պայմանագիր է ստորագրել տվել նաև Ozon-ը։ Ճշտել եմ, որ Պոդմոսկովյեի խոշոր պահեստների մեծ մասն էլ է արդեն պահանջում նման պայմանագիր. կա՛մ ստորագրում ես, կա՛մ դուրս բերում ապրանքդ պահեստից»։
Մեկ այլ օգտատեր էլ հարցնում է․
«Բայց ո՞նց զուգադիպեց․ օրենքը հանեցին ու մի քանի օր հետո պայթեցրին»։
Wildberries-ը հերքել է կասկածներն ու մեղադրանքները՝ հայտարարելով, որ ընկերության «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով, բոլոր հիմնական գործընթացներն անխափան են։ Այնուամենայնիվ, սպառողները դժգոհում են պատվերների ուշացումից․
«Ես չգիտեմ՝ կգա պատվերս, թե չէ։ Ընկերներիցս էլ եմ լսում, որ իրենց ապրանքները շատ են ուշանում»։
Պայթյուններից և հրդեհներից հետո Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարեց, որ ընկերությունը փոխհատուցման և ֆինանսական աջակցության մեխանիզմներ է մշակում հարձակման ենթարկված լոգիստիկ կենտրոններում իրենց ապրանքը կորցրած վաճառողների համար՝ անկախ պայմանագրային փոփոխություններից։
Բացի այդ՝ ընկերությունը ֆինանսապես կաջակցի նաև զոհվածների ընտանիքներին և վիրավորներին։
Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում ասել է․
«Սրանք ռուսական լոգիստիկ օբյեկտներ են՝ պահեստներ, որոնք օգտագործվում էին պատերազմի համար անհրաժեշտ նյութերի՝ նավիգացիոն սարքավորումների, անօդաչու սարքերի արտադրության բաղադրիչների և ռուսական բանակի այլ մատակարարումների համար»։
Նշենք, որ ռուսական Ozon էլեկտրոնային առևտրի հարթակը նույնպես վերանայել է վաճառողի պայմանագիրը։ Այդ ընկերությունը ևս չի փոխհատուցի վաճառողներին ռազմական գործողությունների, արտակարգ դրության, հրետակոծության, զանգվածային անկարգությունների կամ այլ ֆորսմաժորային իրավիճակների պատճառով կորած կամ վնասված ապրանքի համար։




