Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Միացյալ Նահանգներից ստացել է լարվածության թուլացման և հրադադարի վերաբերյալ առաջարկներ, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Կան առաջարկներ, մենք դրանք ստացել ենք, սակայն այս պահին չեմ ցանկանում մանրամասնել»,- ասել է Բաղային՝ հավելելով, որ միջնորդները շարունակում են աշխատել Վաշինգտոնի և Թեհրանի միջև այս ամսվա սկզբին սրված իրավիճակը մեղմելու ուղղությամբ։
The Washington Post-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնում է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի հետ հնարավոր լայնածավալ ռազմական բախման՝ ընդլայնելով իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Իսկ The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ տարածաշրջան են տեղափոխվել ամերիկյան լրացուցիչ մարտական ինքնաթիռներ և տանկեր։
Լարվածությունը կրկին սրվել է հուլիսի 8-ին, երբ ԱՄՆ-ը վերսկսել է հարվածները Իրանի դեմ՝ մեղադրելով Թեհրանին Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումներ իրականացնելու մեջ։ Իրանը, իր հերթին, հայտարարել է, որ Վաշինգտոնը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները, և պատասխան հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։
Հակամարտության նոր փուլը սկսվել է կողմերի միջև հակամարտության դադարեցման մասին հուշագրի ստորագրումից երեք շաբաթ անց։




