ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի ճնշման տակ Իսրայելը Քնեսեթի օրակարգից հանել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կոչից հետո, հայտնում է իսրայելական Haaretz պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ Հաջիևը կապ է հաստատել Իսրայելի վարչապետի գրասենյակի հետ՝ խնդրելով հարցը չդնել քվեարկության։ Դրանից հետո, ըստ աղբյուրի, Իսրայելի իշխանությունները Բաքվին տեղեկացրել են, որ նախագիծը հանվել է Քնեսեթի օրակարգից և չի քննարկվի ամառային նստաշրջանի վերջին լիագումար նիստերում։

Haaretz-ը նշում է, որ որոշ կրոնական և ընդդիմադիր կուսակցություններ նույնպես նախապես հասկացնել էին տվել, որ դեմ են քվեարկելու նախաձեռնությանը։ Քնեսեթի աշխատանքները կվերսկսվեն միայն հոկտեմբերի 27-ին նախատեսված համապետական ընտրություններից հետո։

Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի նախաձեռնությանը՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ որոշումը պետք է ներկայացվեր Քնեսեթ՝ վերջնական քննարկման և հաստատման։

Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի բարոյական և պատմական պարտականությունն է։

Կառավարության որոշումից հետո Ադրբեջանը խիստ քննադատել էր նախաձեռնությունը և կոչ արել Իսրայելին վերանայել այն՝ վերահաստատելով Թուրքիայի դիրքորոշումը, որը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։

Կարդացեք նաև

Back to top button