ԿարևորՍպորտ

ՖԻՖԱ-ի նախագահը ցանկանում է Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը հասցնել 64-ի. Ինֆանտինոյի նոր հավակնոտ պլանը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը հերթական անգամ ընդլայնելու հավանականության մասին։ Շվեյցարացի պաշտոնյայի նոր ծրագրի համաձայն՝ ապագայում տիտղոսի համար կարող է պայքարել 64 երկիր՝ ներկայիս 48-ի փոխարեն։

Այս մասին 56-ամյա Ինֆանտինոն հայտնել է շվեյցարական Blue Sport պորտալին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ հարցի շուրջ լուրջ քննարկումները կմեկնարկեն Հյուսիսային Ամերիկայում ընթացող Աշխարհի առաջնության ավարտից անմիջապես հետո. «Մենք պետք է մտածենք այդ մասին Աշխարհի առաջնությունից հետո, անկախ ամեն ինչից»։

Որպես հիմնավորում՝ ՖԻՖԱ-ի նախագահը հղում է անում 48 թիմերով անցկացվող ընթացիկ առաջնության հաջողությանը։ Նրա խոսքով՝ մասնակից բոլոր հավաքականները ցուցադրել են խաղի բարձր մակարդակ, իսկ բոլոր մայրցամաքների ներկայացուցիչները կարողացել են գոլեր խփել ու վաստակել առնվազն մեկ միավոր:

«Աֆրիկյան 10 թիմերից 9-ն անցան փլեյ-օֆֆ փուլ, մինչդեռ նախորդ առաջնությունում Աֆրիկան ​​ներկայացված էր ընդամենը 5 թիմով։ Սա ևս մեկ անգամ հաստատում է բոլորին Աշխարհի առաջնությունում խաղալու հնարավորություն տալու կարևորությունը։ Ամբողջ աշխարհը պետք է կարողանա երազել Մունդիալի մասին, ոչ միայն Եվրոպան և Հարավային Ամերիկան», — պարզաբանել է Ինֆանտինոն։

Մասնակիցների թվի ավելացումը դեպի 64-ի կբերի կառուցվածքային փոփոխություններ։ Առաջնությունը կունենա 16 խումբ (յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ):

Կանցկացվի 128 խաղ, ինչը 24-ով ավելի է, քան 2026 թվականի ընթացիկ առաջնության ռեկորդը:

2026 թ. առաջնությունում 12 խմբերի 8 լավագույն երրորդ տեղ զբաղեցրած թիմերը նույնպես հնարավորություն ստացան անցնել 1/16 եզրափակիչ (պատմության մեջ առաջին անգամ): 64 թիմի պարագայում այս բարդ համակարգը կվերանա. հաջորդ փուլ կանցնեն բացառապես խմբերի առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականները:

Ըստ Ինֆանտինոյի՝ մասնակիցների ընդհանուր թվի աճը չի հանգեցնի առանձին թիմերի համար խաղերի քանակի ավելացման։

Եթե ՖԻՖԱ-ի նախագահի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ ընկերոջ այս պլանը հաստատվի, ապա 64 թիմերով առաջին մրցաշարը կարող է դառնալ 2030 թվականի Աշխարհի առաջնությունը։ Այն կայանալու է միանգամից 6 երկրներում՝ Իսպանիայում, Պորտուգալիայում, Մարոկկոյում, Արգենտինայում, Ուրուգվայում և Պարագվայում:

Կարդացեք նաև

Back to top button