Կարևոր

Իրանի հրթիռային հարվածները Պարսից ծոցի երկրներին և Կատարի արձագանքը

Կիրակի գիշերը՝ հուլիսի 12-ին, Իրանին հասցված ամերիկյան հարվածների նոր ալիքից հետո, ԱՄՆ-ի դաշնակից Պարսից ծոցի մի քանի երկրներում օդային տագնապ է հայտարարվել։

Բահրեյնում հնչել են տագնապի ազդանշաններ. ՆԳՆ-ն բնակիչներին հորդորել է պահպանել հանգստություն և պատսպարվել անվտանգ վայրերում։ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղում հրթիռների և դրոնների գրոհները, իսկ բնակչությունը զգուշացվել է հրթիռային հարվածի սպառնալիքի մասին։

Կատարի իշխանությունները X սոցիալական ցանցում իրավիճակը որակել են լուրջ. ՆԳՆ-ն կոչ է արել բնակիչներին մնալ տանը և հեռու մնալ պատուհաններից։ Բնակիչների հեռախոսներին ստացվել են անվտանգ վայրերում մնալու հաղորդագրություններ, իսկ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հրթիռային հարձակումը հետ մղելու մասին։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է Կատարում գտնվող ամերիկյան «Ալ-Ուդեյդ» ավիաբազային՝ ոչնչացնելով կործանիչների տեխնիկական սպասարկման կենտրոնն ու հրամանատարական կետը։ Հարվածներ են հասցվել նաև Օմանի «Դուկմ» նավահանգստին, որը, ըստ Թեհրանի, օգտագործվում է ամերիկյան ավիակիրների համար։

ԻՀՊԿ-ն պնդում է նաև, որ գրոհել է Հորդանանի «Փրինս Հասան» ավիաբազայի ռազմական ենթակառուցվածքները՝ բալիստիկ հրթիռներով ոչնչացնելով հրամանատարական կետն ու MQ-9 անօդաչու սարքերի անգարները:

Իրանի հրթիռային հարձակումներից հետո Կատարի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել։

Նախարարությունը նշել է, որ Կատարն ունի պատասխան քայլեր ձեռնարկելու լիակատար իրավունք՝ համաձայն միջազգային օրենքների և ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Դոհան պատրաստ է անել ամեն ինչ՝ իր երկրի անվտանգությունը, տարածքներն ու քաղաքացիներին պաշտպանելու համար։

Կատարի իշխանությունները շեշտել են, որ այս հարձակումների և դրանց հետևանքների ողջ իրավական պատասխանատվությունը կրում է Թեհրանը։ Նրանք նաև խստորեն դատապարտել են Հորդանանի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Օմանի և Քուվեյթի վրա կատարված հարձակումները։

Հայտարարության վերջում Կատարը կոչ է արել անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները տարածաշրջանում և հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով։

Կարդացեք նաև

Back to top button