
Արեւմտյան ավելի ու ավելի շատ վերլուծաբաններ կարծում են, որ Ռուսաստանը փաստացի պարտվել է պատերազմում, որ նրա ռազմական վիճակը վատթարանում է, իսկ Ուկրաինայի հաջող հարվածները մոտեցնում են հակամարտության ավարտը։ Այդպես ասելը սխալ եւ վտանգավոր է, գրել է Ուկրաինայի ԶՈւ նախկին հրամանատար, այժմ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին։
Նրա հոդվածն այսօր հրապարակվել է բրիտանական The Telegraph թերթում։
«Ժամանակակից պատերազմը հյուծման պատերազմ է։ Ռազմի դաշտում հաջողությունը չափվում է մետրերով։ Ուկրաինայի հարվածները Մոսկվային իրական կորուստներ են պատճառում, սակայն այդ գործողությունները մեծ ծախսեր են պահանջում։ Իսկ Ռուսաստանը պատասխան հարվածներ է հասցնում՝ նույն կամ ավելի մեծ ուժով։ Ո՛չ Մոսկվան, ո՛չ Կիեւը չեն կարող ակնկալել, որ դա կհանգեցնի վերջնական հաղթանակի»,- նշում է Զալուժնին։
Նա նշում է, որ ռազմաճակատի գիծը կարեւոր է, սակայն այժմ այն այլեւս որոշիչ գործոն չէ։ «Հակամարտությունը վերածվել է պայքարի՝ հանուն լոգիստիկայի, արդյունաբերական ներուժի, կրիտիկական ենթակառուցվածքների, հակաօդային պաշտպանության եւ հասարակության կայունության։ Ղրիմի հետ Ռուսաստանի ցամաքային միջանցքին հասցված հարվածները, վառելիքի պակասը եւ մատակարարումների խափանումները ամրապնդում են Ուկրաինայի դիրքերը ապագա բանակցություններում։ Սակայն Ռուսաստանը շարունակելու է հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքներին, ուստի կարեւոր է ներդրումներ կատարել հակաօդային պաշտպանության համակարգերում եւ բարձրացնել հասարակության դիմակայունությունը»,- կարծում է ուկրաինական բանակի նախկին հրամանատարը։
«Հյուծման պատերազմներում ակնհայտ հաղթողներ չեն լինում։ Դրա ելքը կորոշի դիմացկունությունը եւ այն, թե որ հասարակությունը կկարողանա՞ արդյոք կրել երկարատեւ հակամարտության տնտեսական, ռազմական եւ հոգեբանական ծանրությունը՝ միաժամանակ պահպանելով միջազգային աջակցությունը»,- կարծում է Վալերի Զալուժնին։




