
Թեհրանում սկսվել են Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հուղարկավորության արարողությունները։ Դրանք կտևեն մինչև հուլիսի 9-ը։ Կանխատեսվում է, որ այդ երկրի համար առանցքային նշանակություն ունեցած առաջնորդին հրաժեշտ տալու համար աշխարհի տարբեր երկրներից 20-30 մլն մարդ կայցելի Իրան։ Հրաժեշտի համար Խամենեի աճյունը նախ՝ կտեղափոխվի Իրաքի իսլամական Շիա դավանանքի սրբավայրեր՝ Բասրե և Նաջաֆ։ Այնուհետև նրա մարմինը հողին կհանձնվի Մաշհադ քաղաքում, որտեղ ծնվել է այաթոլլահ Ալի Խամենեին։
Շիաների «Վերջին սրբի ներկայացուցիչը» համարվող Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին հրաժեշտ տալու համար մի քանի տասնյակ միլիոն մարդ կայցելի Իրան։ Կանխատեսվող այցերի թիվը տատանվում է 20-30 մլն–ի սահմաններում։
Իրանը 30 տարի ղեկավարած այաթոլլահ Ալի Խամենեին սպանվեց չորս ամիս առաջ՝ Իրանի դեմ ամերիկաիսրայելական պատերազմի առաջին իսկ օրերին։ Միջազգային լրատվամիջոցներում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են միլիոնավոր մարդիկ հրաժեշտ տալիս իրենց հոգևոր առաջնորդին։ Անվտանգության ուժերն առավոտյան Խամենեիի՝ Իրանի դրոշով ծածկված դագաղը ձեռքով տարել են Թեհրանի գլխավոր աղոթավայր՝ Մեծ Մոսալլա։
Բազմաթիվ շիա հոգևորականներ, իրանցի պաշտոնյաներ ու հավատացյալներ մոտենում են Խամենեի և նրա ընտանիքի սպանված մյուս անդամների, այդ թվում ՝ 14 ամսական թոռնուհու աճյուններին և հրաժեշտ տալիս նրանց։ Հարյուրավոր սգացողներ երգում են սգո երգեր։
Շաբաթ օրվանից՝ սգո արարողությունից հետո Ալի Խամենեի մարմինը կտեղափոխվի Իրանի և հարևան Իրաքի մի շարք քաղաքներ։
AP գործակալությունը գրում է՝ սգացողները հիշում են Խամենեիի կյանքը։ Նա տասնամյակներ շարունակ «երկաթե բռունցքով» ղեկավարել է Իրանը՝ դիմակայելով Արևմուտքին:
Ի թիվս աշխարհի այլ երկրների ղեկավարների, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մեկնել է Իրան՝ հարգանքի տուրք մատուցելու Խամենեի հիշատակին։
Ինչու՞ ավելի քան չորս ամիս Իրանի հոգևոր առաջնորդին չէին հանձնում հողին։ Մեկնաբանում է իրանագետ Էմմա Բեգիջանյանը ․
«Իրանում ես նման բան չեմ տեսել։ Ես տեսել եմ միշտ, որ մզկիթ են դրել, հաջորդ օրն են տարել։ Իսկ չորս ամիս ձգվելը պայմանավորված էր պատերազմով։ Նա ոչ միայն ռազմաքաղաքական առաջնորդ էր, այլև հոգևոր, հետևաբար նրան պետք է պատշաճ կերպով հուղարկավորեին։ Այդ պատճառով սպասեցին, որ լինի հարմար ժամանակ, որովհետև պատերազմի ժամանակ չէին կարող»։
Իրանի հոգևոր առաջնորդը սպանվեց փետրվարի 28-ին։ Իրանի իշխանություններն ու պետական լրատվամիջոցները հավաստիացնում են, որ գերագույն առաջնորդը սպանվել է իր նստավայրում և ոչ թե բունկերում թաքնված:
Նույն օրը սպանվեցին նաև Մինաբի իգական դպրոցի տասնյակ աշակերտուհիներ, մանկավարժներ ու ծնողներ։ Նրանց հուղարկավորեցին երկու շաբաթ հետո։
86-ամյա Խամենեին երկրպագում էին աշխարհի տարբեր երկրների միլիոնավոր շիա մուսուլմաններ։
«Իսլամի շիա ուղղության մեջ այսպիսի մի բան կա, որ երբ տղան դառնում է 13, աղջիկը՝ 11 տարեկան, իր համար հոգևոր առաջնորդ է ընտրում և որի հրահանգները կենցաղում, կյանքում, ամեն ինչ իրենց համար օրենքի ուժ ունի։ Խամենեին ոչ միայն ,ասենք՝ Իրանի բնակիչների առաջնորդն է այլ նաև տարբեր երկրների՝ Բահրեյնի, Ադրբեջանի․․․ Ադրբեջանը խստացնում էր Իրանի հետ փոխհարաբերությունները, որովհետև վախենում էր նաև այդ բանից, որ Ադրբեջանի մեծ մասը կարող են իրենց համար առաջնորդ ընտրել Իրանի հոգևորականների թվից»։
Այաթոլլահ Ալի Խամենեին ծնվել Իրանի Մաշհադ քաղաքում և հենց այնտեղ էլ, հունիսի 9-ին նախատեսված է նրա հուղարկավորությունը ։ Ամենայն հավանականությամբ դա եղել է հենց առաջնորդի կամ ընտանիքի անդամների ցանկությունը, կարծում է Էմմա Բեգիջանյանը։
Մամուլում շրջանառվող գլխավոր հարցն այսօր այն է, թե Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին՝ Ալի Խամենեիի որդին կմասնակցի՞ հոր հուղարկավորությանը։ Ենթադրվում է, որ նա չի մասնակցի արարողություններին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Մոջթաբա Խամենեին նույնպես վիրավորվել էր հրթիռակոծության ժամանակև այժմ ապաքինվում է։
Տարբեր քաղաքական ու հասարակական շրջանակներում Խամենեին համարվում է մի կողմից իմաստուն առաջնորդ, մյուս կողմից՝ բռնապետ։ Մի մասը կարծում է, որ նա բարեպաշտ և ազնիվ առաջնորդ էր, որը կարողացավ պահել իր երկիրը, մյոսները գտնում են, որ նա թուլացրեց Իրանը և տարավ մեկուսացման։ Ամեն դեպքում ՝ այաթոլլահ Ալի Խամենեին կհիշվի որպես Իրանի պատմության առանցքային առաջնորդ, որը 1979 թ Իսլամական հեղափոխությունից հետո իր ձեռքում կենտրոնացրեց ողջ իշխանությունը։




